Վիրահայերի աջակցությունը Սուրբ Էջմիածին եկեղեցու վերանորոգչական աշխատանքներին

Թբիլիսիում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, հունիսի 25-ին, «Հայարտուն կենտրոնում կազմակերպվել էր նկարիչների և տիկնիկագործների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը փոխանցվելու է Մայր տաճարի վերանորոգության հիմնադրամին: Վիրահայոց թեմի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ցուցադրվել էին վիրահայ  արվեստի գործիչների շուրջ երեք տասնյակից ավելի գործեր:

Վիրահայոց թեմի  առաջնորդը հորդորել է ներկաներին աջակցել արդեն մի քանի տարի շարունակվող Մայր Աթոռի Սուրբ տաճարի վերանորոգչական աշխատանքների իրականացմանը  և անպայման  ներդրում կատարել եկեղեցաշեն  այդ գործին:

Երկու օր շարունակվող ցուցահանդես-վաճառքի հասույթը և կատարված  նվիրատվությունները կփոխանցվեն «Սուրբ Էջմիածնի» բարեգործական հիմնադրամին: