Սահմանների անձեռնմխելիությունը բացարձակ հրամայական է, թեկուզ, լայնամասշտաբ պատերազմի գնով (տեսանյութեր)

ՆԱՏՕ-ի և ողջ աշխարհի համար հետևանքը կարող է լինել ճակատագրական, եթե չգիտակցեն` ռուսական արջը չի կատակում

 

«Եթե երկիրը երկընտրանքի առաջ է` պատերա՞զմ, թե անպատվություն, ու ընտրում է անպատվությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմը, և՛ անպատվությունը». Ուինսթոն  Չերչիլ

Ղրիմի ափերի մոտ բրիտանական «HMS Defender» ականակրի անցման վերաբերյալ վերջնական որոշումը թողնվել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի վրա, և այն նավի հրամանատարությանն է փոխանցվել Սև ծովում տեղի ունեցած միջադեպից երկու օր առաջ: Լոնդոնից ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հունիսի 24-ին, վկայակոչելով Թագավորության պաշտպանության նախարարության աղբյուրը, հաղորդել է բրիտանական «The Daily Telegraph» թերթը:

Ըստ նշված աղբյուրի, «HMS Defender»-ի անցման գաղափարը դարձել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի վեճի պատճառ, որը, ինչպես հաղորդել է հիշյալ թերթը, առաջարկել է նման երթուղի: Ինչպես նշված է հոդվածում, արտգործնախարարը մտավախություն է հայտնել, որ Մոսկվան իբրև կարող է օգտագործել այս միջադեպը իր օգտին և նախազգուշացրել այդ մասին:

«Ամբողջ վեճը Ռաաբի և Ուոլեսի միջև էր, այնուհետև այն փոխանցվեց վարչապետին, որպեսզի նա որոշում կայացնի,- հայտնել է բրիտանական հիշյալ թերթի աղբյուրը:-Երկուշաբթի «HMS Defender»-ին ուղղվեց որոշում այն մասին, որ այն պետք է խաղաղ անցում կատարի այդ ջրերի միջով»:

Անցած հինգշաբթի Ջոնսոնը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ի՞նքն է հրաման է տվել ականակրին անցնել Ղրիմի ափերի մոտակայքով: Կառավարության ղեկավարի ներկայացուցիչը, որին նույն հարցը տրվել է, ասել է, որ ինքը չի քննարկի «օպերատիվ ռազմական որոշումների ընդունման» թեման:

Միևնույն ժամանակ, պետական ​​պաշտոնյաները «The Daily Telegraph»-ին հայտնել են, որ կառավարությունում տարաձայնություններ չեն եղել ենթադրյալ առաքելության վերաբերյալ, և որ նման մեղադրանքներն անհիմն են: Հոդվածը մեջբերում է պաշտպանության նախարարության աղբյուրը, որն ասել է` «Մենք բոլորս մեկ մեծ ընտանիք ենք»: Արտաքին գործերի նախարարության աղբյուրը, իր հերթին, ասել է, որ Ռաաբը «պաշտպանում է ուկրաինական ջրերով խաղաղ անցում կատարելու «HMS Defender»-ի իրավունքը»:

Հիմա դարձյալ համոզվեցի՞նք, որ Ռուբեն Սևակը ժամանակին ճիշտ էր ասում` «Պոռնիկ Եվրոպան»… Պարզվում է, ռազմանավով ինքնիշխան պետության տարածքային ջրեր ներխուժելը, չնայած ռադիոկապով զգուշացումներին ու պահանջներին, հեռանալու փոխարեն, ռուսական տարածքում, Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում 3 կիլոմետր խորանալը, ըստ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության, կոչվում է «խաղաղ անցում»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սև ծովում բրիտանական ականակրի սադրանքն անվանել է «էպիկական ֆիասկո»: Ինչպես արդեն հայտնի է, հունիսի 23-ին ՌԴ զինված ուժերի և ԱԴԾ սահմանապահ ծառայության համատեղ գործողությունների արդյունքում բրիտանական ականակիրը ստիպված դուրս է եկել ռուսական ջրերից: Մասնավորապես, սահմանախախտման վայրում գտնվող Ռուսաստանի սահմանապահ պարեկային նավը երկու անգամ, շուրջ 2 րոպե տևողությամբ, նախազգուշական կրակ է բացել, իսկ Սու-24Մ ճակատային ռմբակոծչից 4 ավիառումբ է նետվել բրիտանական ռազմանավի առջևում, գրեթե նրա ճանապարհին: ‰

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը և բրիտանական ռազմածովային ուժերի հրամանատարությանը` «իրենց նավերը Սև ծով ուղարկելիս «առաջնորդվել խելամտությամբ»: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Մենք կոչ ենք անում Պենտագոնին և բրիտանական ռազմածովային ուժերի հրամանատարությանը` իրենց ռազմանավերն ուղարկելով Սև ծով, իզուր չփորձել ճակատագիրը՝ հետևելով ուկրաինական «մոծակների նավատորմի ծովակալներին», այլ առաջնորդվել խելամտությամբ»,- ասել է Կոնաշենկովը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է` Սև ծովում տեղի ունեցած միջադեպն ապատեղեկատվություն անվանած նախկին փոխծովակալ Ջոն Քիրբիին քաջ հայտնի է, որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ղրիմի անվտանգության հուսալի պաշտպանության նպատակով, «HMS Defender»-ը Սև ծովի ցանկացած կետում ընդամենը յուղոտ թիրախ է Սևծովյան նավատորմի հականավային համալիրների համար:

Կոնաշենկովը նշել է նաև, որ Պենտագոնը ջղաձգորեն հերքել է ակնհայտը նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրապարակել է նախազգուշական կրակոցի տեսագրությունը և ականակրի անձնակազմի ուղղակի վկայությունները:

«Սև ծովում բրիտանական «HMS Defender» ականակրի սադրանքի էպիկական ֆիասկոն, որը ուղեկցող նավի նախազգուշական կրակոցներից հետո կտրուկ փոխեց կուրսը Ռուսաստանի տարածքային ջրերից, երկար ժամանակ կմնա թագավորական ռազմածովային ուժերի հեղինակության բուրավետ բիծը»,- ասել է Կոնաշենկովը:

Լոնդոնի կողմից Ղրիմի ափի մոտ «HMS Defender» ականակրի հետ կապված միջադեպի նման սադրանքի կրկնության դեպքում բացառված չէ, որ Ռուսաստանը ստիպված լինի կոշտ պատասխանել: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը:

Նրա խոսքով` այժմ ռուս-բրիտանական հարաբերությունները «մղվել են փակուղի և գտնվում են սառեցման կետին մոտ», սակայն նման միջադեպի դեպքում «վատթարացումը կգնա էլ ավելի հեռու»: Միևնույն ժամանակ, դիվանագետը խոստովանել է, որ պատկերացում չունի, թե ինչպես կարելի է ավելի վատթարացնել այդ հարաբերությունները:

Ավելի վաղ Բրիտանիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նիկոլաս Քարթերը խոսել էր ականակրի հետ կապված միջադեպի պատճառով պատերազմի հնարավոր մեկնարկի մասին: Նա շեշտել է, որ նման «կատու-մուկ խաղում» ցանկացած սխալ հաշվարկ կարող է հանգեցնել Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև լայնամասշտաբ պատերազմի:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ղրիմից ոչ հեռու տեղի ունեցած միջադեպը հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը գնահատել է որպես գիտակցված ու նախապատրաստված սադրանք:

«Մենք համարում ենք նման գործողություններն անթույլատրելի և միջազգային իրավունքին չհամապատասխանող»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նախազգուշացրել է, որ ռուսական սահմանապահները և զինված ուժերը, միջազգային իրավունքին խիստ համապատասխան, բավական կոշտ դիրքորոշում կդրսևորեն, եթե հետագայում ինչ-որ մեկը փորձի կազմակերպել «HMS Defender»-ի հետ կապված միջադեպի նման սադրանք:

«Ռուսական սահմանապահները և ռուսական զինված ուժերը, հետագայում ևս միջազգային իրավունքին խիստ համապատասխան, կզբաղեցնեն բավականաչափ կոշտ դիրքորոշում նման սադրանքների առնչությամբ»,- ասել է ՌԴ մամուլի քարտուղարը:

Ինչպես արդեն հայտնի է, ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հունիսի 24-ին ՆԱՏՕ-ից պահանջել է հարգել միջազգային իրավունքը, և հայտարարել, որ Ռուսաստանը կպաշտպանի իր սահմանների անձեռնմխելիությունը ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մեթոդներով:

«Մենք կարող ենք առողջ բանականության կոչ անել, պահանջել հարգել միջազգային իրավունքը: Եթե ​​դրանք չօգնեն, կարող ենք ռմբակոծել ոչ պարզապես ընթացքի ուղղությամբ, այլ նաև թիրախը, եթե մեր գործընկերները չեն հասկանում», – ասել է փոխնախարարը:

Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանի սահմանների անձեռնմխելիությունը հանդիսանում է «բացարձակ հրամայական»:

«Մենք պահպանելու ենք այս ամենն ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական և, անհրաժեշտության դեպքում, ռազմական ճանապարհով»,- շեշտել է նա:

Արտաքին գործերի փոխնախարարը բոլոր նրանց, որոնք «ազատ նավարկության կարգախոսի ներքո» խախտում են Ռուսաստանի սահմանները, նախազգուշացրել է ու պահանջել չդիմել սադրիչ գործողությունների:

«Սա շատ լուրջ պահ է, մենք դատապարտում ենք բրիտանական կողմի գործողությունները, մենք վրդովված ենք նրանց պահվածքից և նշում ենք, որ նման բախման եզրին հավասարակշռելը հղի է ծանրագույն հետևանքներով»,- հավելել է Ռյաբկովը:

Ուշադրություն դարձրեք ՌԴ փոխարտգործնախարարի հատկապես այս խոսքին` Ռուսաստանի սահմանների անձեռնմխելիությունը հանդիսանում է «բացարձակ հրամայական»:

Ակնհայտ է, որ ի տարբերություն Հայաստանի պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի, երկրի դավաճանական ղեկավարության, որոնց համար Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն իրականում զրոյի արժեք ունի, ադրբեջանական զորախմբերի կողմից Սյունիքում ու Գեղարքունիքում առկա խախտումները վերացնելու ուղղությամբ նրանց գործողությունները սին խոսքերից, չհանդուրժելու երևութականություն ստեղծող, մեր հանրությանն ու հայ ժողովրդին խաբող հայտարարություններից և անարդյունք «դիվանագիտական աշխատանքից» այն կողմ չեն անցնում, ՌԴ ղեկավարության ու համապատասխան կառույցների համար իրենց պետության սահմանների անձեռնմխելիությունը, անխախտելիությունն իսկապես բացարձակ հրամայական է, ընդ որում, նաև գործնականում:

Սրբությո՛ւն, որի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում դիմել ու պատրաստ են դիմելու էլ ավելի վճռական գործողությունների, ընդհուպ` սահմանախախտ նավերի, ինքնաթիռների, զինծառայողների ոչնչացումը, թեկուզ կայծից բոց բռնկվի: Այլընտրանքը զիջելն է, շարունակական զիջումները և պետության կործանումը:

 

Արթուր Հովհաննիսյան