Ում վրա է «աղմկում» Սամվել Բաբայանը և ինչու են լռում Սղնախ-Ավետարանոց օպերացիայի քննարկման մասնակիցները․ 168.am

Այս տարվա ապրիլին Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անձամբ նախաձեռնել և ծրագրել է Չանախչի-Սղնախ գյուղերի մոտ, որպեսզի հակառակորդը չկարողանա Շուշի մտնել, բայց գիշերվա երկուսին տվյալ զորամասերը հրաժարվում են մասնակցել ինչ-ինչ պատճառներով, որի տեսագրությունը կա: Այս մասին գրում է 168.am-ը։

«Կա տեսաժապավենը, թե ինչ խորհրդակցություն ենք անցկացրել, ովքեր են մասնակցել, ամբողջը կա, և, թե ով է հրաժարվել»,- ասել էր նա:

Անցած տարվա դեկտեմբերին Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկի եթերում մանրամասնել էր նաև, որ Սղնախ գյուղում ադրբեջանցիները ստեղծել էին բազա ու ձգվում էին դեպի Շուշի։

«Օպերացիան հետևյալն էր. երեք գումարտակ՝ 2-ը՝  Հայաստանից, մեկը Ղարաբաղից՝ Առաջաձորի գումարտակը: Խնդիրը հետևյալն էր՝ Ավետարանոց գյուղի դիմացով պիտի  նստեին  ու բարձունք վերցնեին, հակառակորդին ճանապարհից կտրեին, երկրորդ՝  Սղնախը երկու կողմից շրջապատեին՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ քաշվել: Շոշ գյուղում գումարտակի հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ առաջին հերթին Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա»,- շարունակել է նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին,  ֆեյսբուքյան իր էջում Փայլակ Առաքելյան անունով օգտատերը պատերազմի ժամանակ Ստեփանակերտի բունկերում կայացած և Սամվել Բաբայանի հիշատակած  քննարկման տեսանյութ է հրապարակում՝  «2020թ. նոյեմբերի Շուշիի չիրականացված օպերացիան, որը փոխելու էր պատերազմի ողջ ընթացքը» գրառմամբ:  Ի դեպ, Առաքելյանի  ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա աշխատել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում: Նշենք, որ պատերազմի օրերին Սամվել Բաբայանն Արցախի ԱԽ քարտուղարն էր:

Տեսագրության մեջ, մասնավորապես, Սամվել Բաբայանն ասում է. «Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր, կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք»։

Այնուհետ լսելով պատասխանը՝ այո, կարյերով, կարյերի մոտով, Բաբայանը շարունակում է. «Դա է, հենց այդ ճանապարհը պետք է փակվի: Այս հետևում նստած ժողովուրդը, որ դու գնաս հարձակման, արդեն դառնալու են ավտոմատ ռեզերվ:

Ուրեմն խնդիրը հետևյալն է. արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է: Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը: Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի»:

Տեսագրված քննարկմանը ներկա են եղել Արթուր Վանեցյանը, Արթուր Աղաբեկյանը, Լևոն Մնացականյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում