Մոսկվան շահագրգռված է Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողով անցկացնելու հարցում. Պեսկով

Կրեմլում անհասկանալի են ԵՄ որոշ երկրների հայտարարությունները Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք գիտենք, որ խոսքը հիմնականում այսպես կոչված երիտեվրոպացիների մասին է. դրանք Բալթյան երկրներն են, Լեհաստանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք ցավում ենք դրա համար», – նշել է Պեսկովը: Նա ուշադրություն է հրավիրել այդ երկրների ղեկավարությունների հակասական դիրքորոշմումների վրա, քանի որ դրանք անհիմն կերպով խոսում են Մոսկվայի կողմից սպառնալիքի առկայության մասին, սակայն միեւնույն ժամանակ անում են ամեն բան, որպեսզի հնարավորինս շատ զինվորականներ ՆԱՏՕ-ի երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, գտնվեն իրենց տարածքում:

Նրա խոսքով՝ «նման կերպ փակ շղթա է առաջանում»: «Բացի այդ, նրանք նաեւ երկխոսությունից են հրաժարվում: Մեր տեսակետից համաձայն՝ նման դիրքորոշումը անտրամաբանական է, ավելին ՝ կործանարար է ապագայի հեռանկարների տեսանկյունից», – ասել է Պեսկովը: Նա նշել է, որ «դա չի հանգեցնում մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը, այլ ընդհակառակը ՝ հանգեցնում է լարվածության աճի»:

«Ի վերջո, մենք ոչ թե զինված ուժեր ենք տեղակայում երրորդ երկրներում, այլ օտարերկրյա զինված ուժերն են տեղակայվում անմիջապես մեր սահմանների մոտ՝ ստիպելով մեզ միջոցներ ձեռնարկել պաշտպանվելու համար: Չէ՞ որ մենք ոչ թե թռչում ենք այլ մայրցամաքներ, այլ այլ մայրցամաքներից են թռչում մեր սահմանների մոտ: Ահա, թե ինչի մասին է խոսքը», – պարզաբանել է Կրեմլի խոսնակը: Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ Մոսկվան շարունակում է շահագրգռված լինել Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողով անցկացնելու եւ Բրյուսելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

Ավելի վաղ Գերմանիան ու Ֆրանսիան առաջարկել են ԵՄ մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունը չի ստացել ԵՄ անդամ երկրների մեծ մասի աջակցությունը: Բացի այդ, գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներից հետո, ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովին առաջարկել են միջոցառումների տարբերակներ ներկայացնել՝ ներառյալ տնտեսական պատժամիջոցները, ի պատասխան «Ռուսաստանի չարամիտ, անօրինական եւ քայքայիչ գործողությունների»: