Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայից մի խումբ ուխտավորների

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Հունգարիայի մի խումբ ուխտավորների, որոնց թվում էին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը ներկա էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու կրթական հաստատության միջև հաստատված սերտ գործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին հանդիպում ունեցավ նաև Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ։