Արցախի ոստիկանությունում ծառայության կարող է անցնել նաև միաժամանակ այլ պետության քաղաքացի. նոր նախագիծ

Արցախի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մի նախագծի, որով, ի թիվս այլ փոփոխությունների և լրացումների, սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է մայիսի 21-ին

Նախագծով առաջարկվում է՝

  • ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակել նաև Արցախի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ պետության քաղաքացի
  • ոստիկանության գլխավոր կոչումներ շնորհելու իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության նախագահին
  • ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանել տարիքային ստորին շեմ՝ 18 տարեկան, հստակեցնել ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
  • թափուր պաշտոնները համալրել մրցույթային կարգով և կարգավորել մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները
  • ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացնել ոչ թե պարտադիր, այլ անհրաժեշտության դեպքում
  • բարձրացնել ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումների վերին շեմերը՝ որոշ խմբերում (ոստիկանության պետի համար ավելացվող ծառայության ժամկետը 3-ից դարձնել 5 տարի, գլխավոր խմբի համար՝ 60-ից դարձնել 62 տարեկանը):

Նախագծով սահմանվել է, որ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետության 18-ից (բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների) մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը՝

– անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 6-րդ մասով նախատեսված դեպքերի).

-իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: