Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիշել է իր այցը Հայաստան և մտահոգություն հայտնել ԼՂ հակամարտության կապակցությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել աշխարհում` այդ թվում Պաղեստինում, Սիրիայում և Կովկասում չդադարող սուր հակամարտությունների կապակցությամբ, հայտնում է Radio Vatican-ը:

Հինգշաբթի Վատիկանում դիմելով ROACO կրոնական կազմակերպության անդամներին, որը զբաղվում է Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն տրամադրելով, Սրբազան քահանայապետը  հիշել է 2016-ին Հայաստան կատարած այցը և թե ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ աղավնիներ է բաց թողել երկինք՝ «իբրև խաղաղության մաղթանք Կովկասի ողջ տարածաշրջանին»:

«Ցավոք, այս տարածաշրջանին վերջին ամիսներին նորից վերք հասցվեց: Եվ, հետևաբար, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ուշադրության համար, որը դուք հատկացրել եք Վրաստանին և Հայաստանին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի ավետարանական կյանքի նշան և խթան մնալ»,-ամփոփել է Ֆրանցիսկոսը:

Հռոմի պապը նաև կոչ է արել ականջալուր լինել «աշխարհի շատ կողմերից լսվող ճիչերին, հատկապես այն եկեղեցիների և երկրների կողմից, որոնց համար դուք աշխատում եք»։