Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը․ Ա․ Չարչյանի փաստաբան

Ծանոթացա դատախազության պարզաբանմանը կապված պ-ն Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը։ Դրանում մասնավորապես նշվում է, հետևյալը՝ «պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում»:

Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը։ Ուրախ եմ, որ ի վերջո դատախազությունը ընդունեց այն փաստը, որ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը որպես անհայտ աղբյուր չի կարող օրինական առիթ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, սակայն հորդորում ենք դատախազությանը չստել հասարակությանը թե իբր տվյալ դեպքում քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Դա բացարձակ սուտ է:

Տեղեկացնենք հասարակությանը, որ այն բանից հետո, երբ «Բաղրամյամ 26» տելեգրամյան ալիքով տարածվեց հայտնի ձայնագրությունը, ապա դրանից անմիջապես հետո մինչ դատախազի կողմից քննիչին հանձնարատություն ուղարկելը նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատուն զեկուցագիր ներկայացրեց ՀՔԾ պետի անվամբ հենց «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով կատարված հրապարակման մասով, որից անշիջապես հետո էլ կայացվում է

«Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» վերտառությամբ որոշում, որի մեջ բառացի նշված է հետևյալը՝ «2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված Հայաստան դաշինքի թեկնածուն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած ՓԲ ընկերության աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»

Հարգելի գործընկերներ վերը մեջբերվածներից ակնհայտ է, որ սույն պարագայում, որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները, քանզի նկատեցիք որ ոչ մի տեղ «  վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերում» կամ «ստուգողական գործողությունների արդյունքում» ձևակերպումներ տրված չեն: Այո պետք է ազնիվ լինենք և ընդունենք, որ իսկապես նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշված իրադարձության վերաբերյալ հրապարակումը, սակայն հարցը գիտեք ինչումն է, մինչ այդ հանձնարարությունը ուղարկելը, քննիչն արդեն իսկ անհայտ աղբյուրի հիման վրա հարուցել էր քրեական գործը։ Այսինքն դատախազությունը ընկալել էր հարցի խնդրահարույց բնույթը, փորձել էր շտկել, բայց քաղաքական պատվերների կատարումը անհապաղ պրոցեսս է։

Հարգելի դատախազության գործընկերներ երբեմն սխալը ընդունելը իրոք արժանի է հարգանքի, Դուք գիտեք որ այս ամենը հանգեցնելու է պ-ն Չարչյանի արդարացմանը։

Առողջ եղեք