Ալիևի ու Նիկոլի միջև ոչ միայն վստահություն կա, այլև կան պայմանավորվածություններ` ի վնաս Հայաստանի և ի օգուտ Ադրբեջանի

Իսկ հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն չկա, տարածաշրջանում անվտանգություն չկա

 

Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում, որը երեկ հրապարակվել է Կրեմլի կայքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Ռուսաստանի որոշիչ ներդրմամբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց»:

Այո՛, Արցախում պատերազմի դադարեցման առումով Ռուսաստանի ներդրումն իսկապես եղել է որոշիչ, դերն էլ անուրանալի է: Այնուհանդերձ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտությունը դադարեցված չէ, քանի որ Արցախի բնակչությունը, այս պահի դրությամբ նաև իշխանությունը, Արցախի Հանրապետությունը` որպես պետություն, դեմ են Ադրբեջանի կազմում ապրելուն, Ադրբեջանն էլ հակառակին է դեմ:

Այն պահից, երբ ռուսական խաղաղապահները դուրս եկած կլինեն Արցախից (գրեթե բացառված է, որ Ադրբեջանը մինչև չորսուկես տարի հետո Արցախում ռուսական խաղաղապահ մանդատի 5-ամյա ժամկետի լրանալը, համաձայնի դրա երկարացմանը), այնտեղ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել:

Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում մարդասիրական իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար:

ՌԴ նախագահի վերոնշյալ հայտարարությանը, սակայն, սոսկ մասամբ կարելի է համաձայնել: Նրա խոսքը լիովին համապատասխանում է իրականությանն Արցախի առումով, բայց ոչ տարածաշրջանի, քանի որ «տարածաշրջան» ասվածն ավելի լայն հասկացություն է և, Արցախից բացի, իր մեջ ներառում է նաև Հայաստանը, մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը և տարածքները, իսկ այնտեղ ռուսական խաղաղապահներ պարզապես չկան: Եվ եթե նույնիսկ առաջիկայում լինեն, ասենք, Գեղարքունիքում, Սյունիքում, դա կնշանակի ընդամենը երաշխավորել խաղաղությունը, բայց ոչ անվտանգությունը:

Չի կարող անվտանգությունը երաշխավորված լինել այն պայմաններում, երբ Սյունիքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը մայիսի 12-ին հատած ու մինչև 3,5 կիլոմետր խորացած, Սև լիճ հասած, շրջափակած և անցած, Մեծ Իշխանասարի ռազմավարական բարձունքը գրաված թշնամին այսպիսով վերահսկողություն է ձեռք բերել Գորիս քաղաքի, Ակներ, Հարթաշեն, Խնածախ, Վաղատին, Նորավան և այլ գյուղերի, ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս-Սիսիան մայրուղու, ինչպես նաև Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, դրանք վերցրել իր նույնիսկ սովորական զինատեսակների նշանառության տակ ու դարձրել դյուրությամբ խոցելի: Էլ ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել…

Իհարկե, վերոնշյալ իրավիճակի մեղավորը ոչ թե Պուտինը կամ Ռուսաստանն է, այլ ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թիվ 1 ներքին թշնամի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի տակ Նիկոլի ստորագրությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի և «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» ղեկավար պաշտոններում հայտնված անձինք: Այն վիճակը, որը հիմա կա Արցախում, Սյունիքի և Գեղարքունիքի հայտնի հատվածներում, նրանց կողմից կատարված պետական դավաճանության հետևանքն է:

Նույն` Միջազգային անվտանգության հարցերով 9-րդ մոսկովյան համաժողովի շրջանակում Արցախյան հակամարտությանն իր ելույթում անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Անցած տարվա վերջին Ռուսաստանն, առանց չափազանցության, առանցքային դեր ունեցավ  ԼՂ հակամարտության գոտում արյունահեղության դադարեցման գործում և ջանքեր գործադրեց ողջ Անդրկովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար,- ասել է Լավրովը:- Շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ, որպեսզի ամրապնդվի վստահությունը, իրականացվեն հումանիտար նախագծերը»:

Ամեն ինչ ճիշտ է, բացի վստահությունից: Կողմերի միջև պետք է վստահություն լինի, որ ամրապնդվի: Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության բնակչության, հայ ժողովրդի և ադրբեջանցիների միջև որևէ վստահություն չկա, իհարկե, բացառությամբ ազգադավներից ու մանկուրտներից բաղկացած «հայ» փոքրամասնության:

Հնարավոր է, սակայն, որ պարոն Լավրովը նկատի է ունեցել ոչ թե մի կողմից Արցախի, Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի բնակչությանը, այլ Նիկոլ Փաշինյանի, նրա կամակատար Արայիկ Հարությունյանի և մյուս կողմից Իլհամ Ալիևի միջև վստահությունը: Այս դեպքում չի կարելի ասել, թե ՌԴ ԱԳ ղեկավարը սխալվել է, քանի որ Ալիևի ու Նիկոլի միջև ոչ միայն վստահություն կա, այլև, ինչպես հուշում կամ նույնիսկ վկայում են բազմաթիվ փաստեր, կան նաև մի շարք պայմանավորվածություններ, անշուշտ, ի վնաս Հայաստանի և ի օգուտ Ադրբեջանի և Թուրքիայի:

 

Արթուր Հովհաննիսյան