Հարկավոր է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ․ Ավետ Ադոնց (տեսանյութ)

Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հայտարարություն է տարածել, որը հրապարակել է Mediamax.am-ը։

«21-րդ դարում օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ ժողովրդավարական պետության կառավարումը չի կարող միանձնյա մենաշնորհ լինել: Հայաստանում, որը հետխորհրդային ողջ ժամանակահատվածում բախվում է տարածաշրջանային անվտանգության օրակարգով պայմանավորված մարտահրավերներին, միանձնյա, հուզական կառավարումը հանգեցրեց ողբերգության`44-օրյա պատերազմին: Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմում զոհվել են մինչև 4000 հայորդիներ, իսկ անհայտ կորածների և ռազմագերիների իրական թիվը Ադրբեջանը թաքցնում է՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերը նրանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին:

Այսօր մենք մեր զինված ուժերի ամբողջական բարոյալքման և անգործության և ազգային անվտանգության կառույցների անարդյունավետ աշխատանքի ականատեսն ենք: Հայաստանը կորցրել է իր տեղը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, և իրավիճակը բարդանում է երկրի տնտեսապես ոչ գրավիչ լինելու պատճառով:

Նախաձեռնող օրակարգ ձևավորելու, Հայաստանի անվտանգությունն ապահովող ճանապարհային քարտեզի շուտափույթ մշակման և իրագործման, ուժային կառույցների վերականգնման փոխարեն միանձնյա, հուզական և պարզունակ պետական կառավարման շարժիչ ուժն են դարձել վախերը և անհամոզիչ կանխարգելող քայլերը:

Նման միջավայրը, որտեղ ջնջվում է արժանապատվության զգացումը, և միանձնյա կառավարման նման համակարգը Հայաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը դարձնում են անկանխատեսելի և, գուցե, հարմար աշխարհաքաղաքական խնդիրների լուծմամբ հետաքրքրված բոլոր դերակատարների, սակայն ոչ մեր երկրի համար: Ցավոք, Հայաստանը դառնում է գործիք՝ բավարարելով բոլոր կողմերի շահերը, բացառությամբ սեփական շահերի:

ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից: Սկզբում ամբողջ շեշտը դրվում էր ռազմագերիների վերադարձի խնդրի վրա, այնուհետև՝ Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածք ներթափանցմանն ի պատասխան ցուցաբերած անգործությունից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վրա։

Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն է.

  1. Վերականգնել Հայաստանի տեղը տարածաշրջանային ճարտարապետության մեջ: Հնարավոր ապաշրջափակումը անիմաստ կլինի, եթե այդ ենթակառուցվածքների, մեր սահմանների և բնակչության անվտանգությունը չապահովվի ժամանակակից զինված ուժերի և պրոֆեսիոնալ ու գործունակ անվտանգության ծառայությունների կողմից: Առանց դրա դժվար է պատկերացնել մեր դիվանագետների արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և ներդրումային գրավչությունը:
  2. Անհրաժեշտ է ԼՂ կարգավորման հարցը վերադարձնել միջազգային օրակարգ՝ հաշվի առնելով հետպատերազմյան նոր իրողությունները: Սա օբյեկտիվ անհրաժեշտություն է, և ապագա սերունդները մեզ չեն ների, եթե դա չանենք։
  3. Ճկունություն ցուցաբերելով, կանխատեսելի լինել արտաքին քաղաքականության մեջ, համագործակցել մեր ռազմավարական և միջազգային գործընկերների հետ՝  հստակ և ազնվորեն նշելով մեր «կարմիր գծերը»:
  4. Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ամենաթանկ և արժեքավոր կապիտալը` ազգային ինքնությունը և համահայկական օրակարգը պահպանելու համար: Թվում է, թե այս ամենը փլվում է մեր աչքի առաջ: Հիշեցնեմ, որ տասնամյակներ շարունակ ոչ բարեկամ երկրները ահռելի ռեսուրսներ են ծախսել այդ նպատակին հասնելու համար:

Այս ամենը և շատ ավելին կարելի է իրականացնել համակարգված պետական կառավարման պայմաններում, երբ ուժային կառույցների, արտաքին գործերի նախարարության և այլ պետական հաստատությունների միջև փոխգործակցությունը բարձր մասնագիտական մակարդակի վրա է: Պետք է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ, որն ապահովում է նվագախմբի բարձրորակ ու ներդաշնակ կատարումը»: