Հայաստանում աշխատատեղերի թվի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևոր լուր հայտնեց:

«Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել», – ասաց նա:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021 թ․ մայիսի վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թիվը կազմել է 635 հազար:

«Այս ցուցանիշն աննախադեպ է»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամուտի չափը՝ կազմելով 134,7 միլիարդ դրամ:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե մասնագետներն ասում են, որ սեպտեմբերը, սովորաբար, ամենաբարձր ամիսն է աշխատատեղերի:

«Ենթադրում եմ, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաև սեպտեմբերին»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա ու աշխատատեղերի աճը զգացվում է: