Ռուս սակրավորները պայթուցիկ առարկաներից լիովին մաքրել են Սոս գյուղի տարածքները

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ինժեներական և սակրավորական ստորաբաժանումները շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և պայթուցիկ օբյեկտներից: Ներկայում ռուս զինծառայողները պայթուցիկ նյութեր և չպայթած զինամթերք են որոնում Մարտունու շրջանի Սոս գյուղի տարածքում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ բնակելի, սոցիալական նշանակության շենքերը, ճանապարհները և հարակից տարածքները սակրավորների կողմից ստուգվել և մաքրվել են դեռ այս տարվա փետրվարին: Այժմ մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները տարածքի վերջնական մաքրում են իրականացնում:

«Այսօր մենք գտնվում ենք Սոս գյուղում և նպատակ ունենք տարածքն ամբողջությամբ մաքրել  պայթուցիկ օբյեկտներից: Այսօր որոնման գործընթացում հայտնաբերվել են մի շարք պաշտպանական ականներ, և հարձակողական նռնակներ և 30 մմ տրամաչափի հրետանային պարկուճներ»,-ասվում է ականազերծման մարդասիրական խմբի սպա Իլյա Ստոլիչնին:

Տարածքը մաքրվել է ժամանակակից կոնտակտային և ոչ կոնտակտային ականի դետեկտորների, ինչպես նաև շների միջոցով:

«Շները լիարժեք վարժեցված են, լավ են որոնում, նույնիսկ կարող եմ ասել՝ հիանալի»,- սակրավոր շների մասին ասել է հումանիտար ականազերծման ստորաբաժանման սակրավոր Սերգեյ Նիկիշինը:

«Աշխատանքի ընթացքում ռուս սակրավորները հայտնաբերել և հեռացրել են պայթուցիկ առարկաներ և պայթած զինամթերքի բեկորներ, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված «Բալիձա» պոլիգոն՝ հետագա ոչնչացման համար:

2020-ի նոյեմբերի 23-ից հետո ընդհանուր առմամբ մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2,139 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, ներառյալ 1880 շենք, 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,640 պայթուցիկ օբյեկտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: