Ընտրություններում հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը. Էդմոն Մարուքյան

«Ընդունելով ընտրությունների արդյունքները՝ շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան։

Անդրադառնալով ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ու այն հարցին՝ արդյո՞ք համագործակցության, պետական ապարատում աշխատելու առաջարկ եղել է, Մարուքյանն արձագանքեց․

«Վարչապետը նախաձեռնել է հանդիպումներ ընտրություններին մասնակցած ուժերի հետ, մենք երբևէ չենք մերժել որևէ հանդիպում որևէ քաղաքական ուժի կամ պետության ղեկավարի հետ։ Հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ կա գաղափար՝ արտախորհրդարանական ուժերի հետ շփումների ինչ-որ ձևաչափ ստեղծել, որը դեռ պարզ չէ։ Ես էլ ասել եմ՝ երևի լավ գաղափար է, կստեղծվի, կքննարկենք»,-ասաց նա։

«Ես ինձ խորհրդարանից դուրս չեմ պատկերացրել և հիմա էլ ասում եմ, որ ես իմ ուժերի չափով, իմ կապերով ծառայելու եմ իմ պետությանը։ Հենց հիմա ես աշխատանք չեմ փնտրում, կուսակցությունը շատ մեծ գործ ունի անելու, բայց մի փոքր կարիք կա հանգստանալու»,-ասաց Մարուքյանը, անդրադառնալով աշխատանքի առաջարկին։

«Մենք հանդես ենք եկել համերաշխության օրակարգով և հիմա ընդունում ենք, որ այդ օրակարգը ՀՀ-ում պարտվել է։ Ընտրություններում հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը, մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման ԱԺ-ն պետք է բաղկացած լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից»,-ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն ում մասին հայտարարել է, որ պետք է դատի, մուրճով խփի, բոլորը պատգամավոր են դարձել։