Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու դատարանի որոշմամբ կալանավորված Արմեն Չարչյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին, տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից:

Ավելի վաղ Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը մինչև կալանավորման որոշման հրապարակումը շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց:

«Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։

Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։

Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,- գրել էր Վարդևանյանը։