Նիկոլին ու նիկոլենց լավ օրեր չեն սպասվում, մանդատները երկաթյա են լինելու, բայց ոչ իրենցը

Սկիզբը` այստեղ

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները մանդատներից կարող են հրաժարվել նաև հիմա, ինչը կհանգեցնի խորհրդարանական նոր ընտրությունների նշանակման: Այժմ արզելով, թե ինչպես, ինչ մեթոդներով են կեղծվել անցած ընտրությունները, բացի կեղծիքներից, ուրիշ ինչ միջոցներ են գործադրվել և այդ ամենի արդյունքում ապահովվել գործող իշխանության հաղթանակը, ընդդիմությունը, այնուհանդերձ, չի հասցնի 1-2 ամսում մշակել և ունենալ այդ միջոցները չեզոքացնելու դեմ անհրաժեշտ բոլոր հակամիջոցները, հետևաբար անհրաժեշտ է ժամանակ շահել դրանք ունենալու համար:

Երկրորդ. այժմ մանդատներից հրաժարվելու և նոր ընտրությունների նշանակման դեպքում, բնականաբար, դարձյալ քարոզարշավի հնարավորություն կընձեռվի: Թեև քարոզարշավն ավելի մեծ չափով կավելացնի ոչ թե ՔՊ-ի, այլ վերոնշյալ դաշինքների ընտրողների քանակը, բայց ընդամենը որոշ չափով:

Վերը շարադրվածից պարզ է արդեն, որ այժմ մանդատներից հրաժարվելու և 1-2 ամսից արտահերթ ընտրությունների կայանալու դեպքում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների օգտին քվեների քանակն անցած ընտրությունների արդյունքում ստացածի համեմատ որոշ չափով կավելանա: Սակայն այդ ավելացումն էական չի լինի, մանավա՛նդ, եթե հաշվի առնենք հունիսի 20-ի ընտրություններին այլ դաշինքներին ու կուսակցություններին (խոսքն անցողիկ շեմը չհաղթահարածների մասին է) քվեներ տված ընտրողների մի մասի վերակողմնորոշումը և իրենց քվեները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին տալը: Այս ամենի արդյունքում ՔՊ-ն ԱԺ-ում դարձյալ մեծամասնություն կկազմի և իշխանություն ձևավորելու հնարավորություն կունենա:

Հիմա քննենք, վերլուծենք ու նկատի ունենանք, թե ինչ կտա մանդատներից հրաժարվելը ոչ թե հիմա, այլ մի քանի ամսից, այսինքն` ժամանակ շահելը և այդ ընթացքում գործելը…

Առաջին.  «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները կհասցնեն ընտրակեղծիքների և կիրառված այլ տեխնոլոգիաների դեմ լիարժեք հակամիջոցներ ձեռք բերել:

Այդ հակամիջոցների թվում կարող են մի շարք ընտրական հանձնաժողովների նախագահների և անդամների (որոնց հետ կապված կասկածներ կան) փոխել համապատասխան անձանցով: Այնպիսի մարդկանցով, որոնց եթե նույնիսկ, ասենք, 1 մլն դոլար առաջարկվի իրենց դերը չկատարելու համար, անվարան մերժեն, որոնց եթե նույնիսկ ոստիկանությունը բերման ենթարկի, ինչ-ինչ ճնշումներ գործադրի, փորձի սպառնալիքներով վախեցնել, որպեսզի իրենց դերը չկատարեն` աչք փակեն ընտրախախտումների վրա և այլն, կամ դրանց մասնակիցը լինեն ու կատարեն այն, ինչ իրենցից պահանջվում է, դարձյալ մերժեն:

Պարզ է, որ այդպիսի մարդկանց գտնելը շատ դժվար է, որ նրանք շատ քիչ են, բայց նրանք կան, թող որևէ մեկը չասի, թե Հայաստանում չկան այդպիսի մարդիկ: Նրանց պետք է փնտրել ոչ թե անունով, այլ իրական քրիստոնյաների շրջանում և այն ազատամարտիկների, պատերազմի մասնակիցների, որոնք թուրքից ու նրա գնդակից չեն վախեցել, թշնամուն սատկացրել են անխնա, և որոնց վախը միայն Աստծուց է:

Ոստիկանը, որին հանձնարարված է հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցչին վախեցնել, որ եթե չենթարկվես, քեզ կամ քո նկատմամբ այս կանենք, ընտանիքիդ անդամի նկատմամբ այն կանենք, իրեն պետք է հաշիվ տա, որ գործ ունի մեկի հետ, որը կարող է հենց նույն գիշեր կամ թեկուղ հետո իրեն վերացնել: Հաշիվ տա ու չհամարձակվի… Հասկանալի է, որ այդպիսի մարդիկ հիմնականում ծանոթ չեն Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, քրեական ու վարչական օրենսդրության համապատասխան դրույթներին, հետևաբար նրանց ընտրելուց հետո պետք է մասնագետներ վարձել և առաջիկա ամիսներին նրանց փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ:

Երկրորդ. բավարար ժամանակ շահելու դեպքում այդ ժամանակը կօգտագործվի քարոզչության, Նիկոլի, նրա իշխանության, ՔՊ-ի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուների իրական դեմքն ընտրողներին ներկայացնելու, միամիտ, անտեղյակ, զոմբիացված անձանց թեկուզ մի մասի աչքերը բացելու, նրանց սթափեցնելու համար, և դա կտա իր արդյունքը: Ժամանակն այս առումով Նիկոլի, նրա իշխանության ու ՔՊ-ի օգտին չի աշխատի:

Երրորդ. մանդատներից այժմ չհրաժարվելու և խորհրդարան մտնելու պարագայում, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները կհասնեն նրան, որ ստեղծվի 2020թ. 44-օրյա պատերազմի իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողով, և դժվար չէ պատկերացնել, թե շատ ընտրողներ ինչպես կվերակողմնորոշվեն այն բանից հետո, երբ քննիչ հանձնաժողովը վեր կհանի և ԱԺ-ում կհրապարակի Նիկոլի ու նրա իշխանության կողմից պետական դավաճանության ու միտումնավոր պարտվողական պատերազմ վարելու բազմաթիվ փաստեր:

Ճիշտ է, այդ փաստերի մի մասն արդեն իսկ հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով հրապարակվել է, սակայն մեր հասարակության անտեղյակ, ինչպես նաև զոմբիացված անդամներից շատերին այդ հեռուստաընկերությունների հաղորդումները հասանելի չեն, կամ եթե որոշների հաղորդումները մարզերում, գյուղերում նույնիսկ հասանելի են, նրանք այդ հաղորդումները չեն դիտում, այդպիսի փաստեր ներկայացնող էլեկտրոնային ու տպագիր ԶԼՄ-ներ ընդհանրապես չեն ընթերցում:

Մինչդեռ, Հ1-ով հեռարձակվող ԱԺ նիստերին, կառավարության հետ հարցուպատասխանին հետևում են, ու կիմանան ճշմարտությունը, երբ քննիչ հանձնաժողովը կհրապարակի իր զեկույցը, և նույնիսկ ավելի վաղ, երբ այդ փաստերը կհնչեցվեն ԱԺ-ում, դրանց վերաբերյալ հարցեր կտրվեն վարչապետին, պաշտպանության նախարարին և այլոց:

Չորրորդ. հատկապես գյուղերում խաբված, զոմբիացված ընտրազանգվածը ընդդիմության առաջնորդների, ներկայացուցիչների խոսքը հիմնականում չի լսում: Նույնիսկ անցած քարոզարշավի ընթացքում, երբ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների ղեկավարները, ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց խոսքն ասել Հ1-ով, նրանց շատ քչերն են լսել: Խաբվածները, զոմբիացվածները հենց տեսնելով, լսելով, որ խոսում է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը կամ մեկ ուրիշը, անմիջապես անջատել են հեռուստացույցը կամ փոխել հեռուստաալիքը: Բայց այսուհետ իրավիճակ է փոխվելու…

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» չեն, և սպասելի է, որ ԱԺ-ում Նիկոլի, ԱԺ նախագահի, նրա տեղակալի ու ՔՊ պատգամավորների հետ նշված դաշինքների պատգամավորների բանավեճերը, բախումները շատ սուր, սկզբունքային և անզիջում են լինելու: Այս առումով ԱԺ դահլիճն առավել, քան նախկինում, հիշեցնելու է բռնցքամարտի ռինգ, որտեղ մրցակցային սուր պայքար է ընթանալու, իսկ մեր հասարակության մեծ մասը սիրում է երկու հոգու կամ երկու կողմի կռիվը դիտել` լինի դա փողոցում, ԱԺ-ում, թե հեռուստատեսությամբ ինչ-որ ֆիլմում: Եթե նույնիսկ չի սիրում, ապա, համենայն դեպս, հաստատ անտարբեր չէ դրա նկատմամբ, մինչև վերջ հետևում է, թե ով ում և ինչպես…

Վերը նշվածը հաշվի առնելով, պարզ է, որ Նիկոլը, նրա իշխանության ներկայացուցիչները` կառավարության անդամներ, ՔՊ ցուցակով պատգամավորներ, ԱԺ-ում աննախանձելի վիճակում են հայտնվելու, իսկ ընդդիմության ներկայացուցիչների հրապարակած փաստերի, նրանց ներկայացրած իրականության մասին կիմանա նաև մեր հասարակության այն հատվածը, որը դեռ այդ ամենին անտեղյակ է, դեռ ինչ-որ պատրանքներ ունի Նիկոլի ու նիկոլականների հետ կապված, կամ պարզապես Օվերտոնի պատուհանի, նեյրոլինգվիստիկ մեթոդների, ստի, կեղծիքի, պոպուլիզմի մասշտաբային, տոտալ կիրառման արդյունքում պարզապես զոմբիացված է:

Իհարկե, ճշմարտությանը նույնիսկ հաղորդակից լինելուց հետո, նրանցից բոլորը չէ, որ կսթափվեն, բայց հաջորդ ընտրություններին նրանց մի մասն այլևս հաստատ քվե չի տա ՔՊ-ին: Իրավիճակ կփոխվի նաև այս առումով, ու շատ հնարավոր է, միանգամայն սպասելի է, որ ընդդիմության ճիշտ, լիարժեք աշխատանքի, մի քանի ամսից մանդատները վայր դնելու և նոր ընտրությունների արդյունքում ՔՊ-ն խորհրդարանում այլևս մեծամասնություն չունենա:

Կան նաև այլ փաստարկներ, որոնք հիմնավորում են, որ ճիշտը մանդատներից ոչ թե հիմա, այլ մի քանի ամսից հրաժարվելն է: Իսկ վերոնշյալ դաշինքներն արդյոք հակվա՞ծ են մանդատներից թեկուզ մի քանի ամսից հրաժարվելու: «Պատիվ ունեմ» դաշինքն այս կապակցությամբ, որքան տեղյակ եմ, դեռ հստակ բան չի հայտարարել:

Ինչ վերաբերվում է «Հայաստան» դաշինքին, ապա նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում շատ թափանցիկ ակնարկեց, որ առաջիկայում հենց դա է սպասվում: Քոչարյանը մասնավորապես հայտարարեց` «Եթե վենդետաներն ու ներքին լարվածությունը շարունակվեն, ես չեմ կասկածում, որ Հայաստանը կհայտնվի ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև»:

Իսկ որևէ մեկը կասկած ունի՞, որ Նիկոլը, նրա իշխանությունը, նիկոլենք շարունակելու են հենց այդ նույն ոգով, շարունակելու են, ինչպես Նիկոլն է հայտարարել, «քաղաքական», «քաղաքացիական» վենդետաները (դրանց շարքին պետք է դասել նաև 10 հոգու, նաև Լոռու մարզպետի կողմից Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի դաժան ծեծը), ներքին լարվածությունը:

 

Արթուր Հովհաննիսյան