Առնվազն 3 տեղամասում արձանագրվել է ՔՊ-ի ձայների պակաս հաշվարկ․ Արայիկ Հարությունյան

«Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ  նման տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև իրենց դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում:

4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28:

«Խնդրում եմ բոլորին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում»,- եզրափակել է Հարությունյանը:

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ մի քանի տեղամասերում «Հայաստան» դաշինքի քվեները պակաս էին հաշվել: