Ե՞րբ կձևավորվի խորհրդարանը և ի՞նչ որոշում կարող է կայացնել Սահմանադրական դատարանը

Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների առնչությամբ դիմելու է Սահմանադրական դատարան։ NEWS.am–ը ներկայացնում է թե ի՞նչ ընթացակարգով և ժամկետներում պետք է իրականացվի ընտրությունների արդյունքների բողոքարկումը, ե՞րբ և ինչպե՞ս պետք է ձևավորվի նորընտիր խորհրդարանը։

Այսպես. «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 101–րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ԿԸՀ-ի ընդունած որոշումների վիճարկման մասին դիմումներ Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 77–րդ հոդվածի համաձայն՝  այս գործերով ՍԴ-ն որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

ԱԺ-ի ընտրությունների արդյունքներով ՍԴ-ն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո։ Ըստ  ԱԺ կանոնակարգ օրենքի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ-ի նախագահը:

Արդյո՞ք  նորընտիր Ազգային ժողովը կձևավորվի նախքան ՍԴ որոշումը, թե՞ դրանից հետո, պարզ կդառնա առաջիկա օրերին։