Իմ նկատմամբ քաղաքական տեռորն ուղղակի ազդում է ՀՀ քաղաքացու առողջության վրա․ Արմեն Չարչյան

Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը քննող դատական նիստը 30 րոպեով ընդմիջվել է։ Այդ ընթացքում դատարանի բակ դուրս եկան պրոֆեսոր Չարչյանն ու նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Հաճելի կին է, Մելիքսեթյանն է։ Ընթացքը նորմալ է, դեռ չենք էլ սկսել, հայտարարություններ են արել, ընդմիջում է արվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Չարչյանը՝ մանրամասներ ներկայացնելով դատավորից ու նիստի ընթացքից։

Հիշեցնենք, որ դատավորը Արմինե Մելիքսեթյանն է։

Արմեն Չարչյանն ասաց՝ իրեն առաջադրված մեղադրանքն անհասկանալի է, բացարձակապես որևէ հանցակազմ չի պարունակում։

«Իմ խորին համոզմամբ, այդ մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ, որպես քաղաքական տեռոր»,- նշեց նա։

Նա համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, հավատում է արդարադատությանը, վստահում է իր պաշտպաններին։

Արմեն Չարչյանը դատարկություն, նաև խայտառակություն է որակում կալանքի միջնորդության հիմնավորումը, ըստ որի, նա կխուսափի վարույթն իրականացնող մարմնից, կփորձի խոչընդոտել գործի քննությանը։

«Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ խուսափել բարդությունից, որևէ դժվարության առաջ չեմ ընկրկել, միշտ եղել եմ առաջամարտիկ տարբեր հարցերում»,- ասաց նա։

Չարչյանն ընդգծեց, գործընկերների նկատմամբ որևէ հարկադրանք, պարտադրանք իր գործողություններում չկա։

Նա նաև մանրամասնեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է, չքվեարկողները կհանդիպեն կոշտ պատասխանի. ԲԿ շատ աշխատակիցներ դիմել են բարեկամին, հարազատին, ընտանիքի անդամին անվճար վիրահատության համար, ինքն էլ ընդառաջել է, հիվանդանոցի հաշվին իրականացրել են։

«Ես արել եմ իրենց խնդրանքը, բայց եթե իրենք չեն կատարում իմ խնդրանքը, ես էլ նույն ձևով չեմ հարգի իրենց, իրենց խնդրանքը չեմ կատարի օրենքի սահմաններում»,- մանրամասնեց նա։

Պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողներին հորդորեց միշտ հիշել, որ այդ ընթացքում եղել է արձակուրդում, արձակուրդում է լինելու մինչև հունիսի 24-ը։ Չարչյանն էլ ավելացրեց, ևս 17 օր արձակուրդ է վերցնելու։

Վարդևանյանը նաև ընդգծեց, պետք է հաշվի առնել մարդու անցած ուղին, վարքը, կենսագրությունը։

«Նույնիսկ ՀՔԾ-ում բոլորը մոտենում են, հարցնում՝ պրոֆեսոր, ո՞նց եք, ինչո՞վ օգնենք, սուրճ կուզե՞ք»,- ասաց Վարդևանյանը։

Ի դեպ, Չարչյանը նշեց, որ ինը ամիս առաջ, երբ արձակուրդում էր ու գտնվում էր Դիլիջանում, իրեն զանգել են ու տեղեկացրել ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանի հոր՝ Մհեր Խաչատրյանի մասին։

«Ես թողեցի իմ ընտանիքը, եկա, ծանոթացանք խնդրին, պատրաստեցինք ամեն ինչ, մյուս օրը եկավ, անձամբ վիրահատեցի։ Ամեն ինչ շատ լավ էր, հետ վերադարձա։ Այսօր էլ հիվանդ կար, ցանկանում էր, որ ես մասնակցեի վիրահատությանը։ Բայց իմ հոգեվիճակը թույլ չտվեց, այս վիճակով ես միգուցե սխալ թույլ տայի, ես հետաձգեցի այն։ Սա փաստում է, որ իմ նկատմամբ քաղաքական տեռորն ուղղակի ազդում է ՀՀ քաղաքացու առողջության վրա»,- ասաց Արմեն Չարչյանը։