Ադրբեջանը ուղղություն է վերցրել դեպի ՆԱՏՕ․ Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի

Հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իզմիրում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-մայոր Մեթին Թոկելի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրել է Infoteka 24-ը։

Հասանովը խոսել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների հաջող զարգացման, տարբեր ծրագրերի շրջանակներում ադրբեջանական բանակի գործունեության և Ադրբեջանի ներդրմանը Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մեջ:

Ընդգծելով, որ տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հիմնական նպատակը եվրատլանտյան տարածքում անկայունության, հակամարտությունների և սպառնալիքների վերացումը և համաշխարհային մասշտաբով անվտանգության միասնական համակարգի ստեղծումն է, Հասանովը շեշտել է, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։

Թոկելը նշել է, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանը համարում է իր հուսալի գործընկերը: Նա բարձր է գնահատել Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների աշխատանքը:

Այս հանդիպումը տեղի է ունեցել Էրդողանի հայտարարության համապատկերին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան մտադիր է ռազմաբազա բացել Ադրբեջանի տարածքում: Այս հարցը չէր կարող չընդգրկվել Հասանովի ու Թոկելի բանակցությունների օրակարգում:

Այս միտումը վկայում է Բաքվի կողմնորոշումը դեպ Արևմուտք՝ հակառակ Ռուսաստանի սպասումների: Հիշեցնենք, որ եվրասիական հայեցակարգի հեղինակներից Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դաշնակցին զոհաբերելով՝ Ադրբեջանին օգնեց զավթել Ղարաբաղը, և նրանից պատասխան քայլեր է ակնկալում: Իսկ ՀԱՊԿ-ը պատրաստ է Ադրբեջանին ընդունել որպես կազմակերպության անդամ: Եվ հիմա ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը Ալիևին: