Պատերազմի ընթացքը քննող հանձնաժողովն ստեղծված է. Արտակ Դավթյան

Պաշտպանության նախարարի հրամանով պատերազմը ընթացքը քննող հանձնաժողովն ստեղծված է. այն ակտիվ աշխատում է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Ինչ վերաբերում է դասալիքներին, ապա բավականին մեծ թվով քրեական գործեր են հարուցված: Ես առաջարկում եմ սպասել այդ գործերի արդյունքներին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատ հարցեր են հնչում Շուշիի, Հադրութի մասին, մասնավորապես, ինչո՞ւ Շուշին այդպես հեշտ հայտնվեց հակառակորդի վերահսկողության տակ, Արտակ Դավթյանն ասաց. «Հեշտն ու դժվարը կարող է ասել հակառակորդը: Մենք ուսումնասիրություն անում ենք, չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա պատասխանը տանք, որովհետև յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կանգնած են կենդանի մարդիկ, զինծառայողներ, որոնք կամ պետք է պատիժ կրեն, կամ այդպիսի մեղադրանքը պետք է մերկապարանոց չասվի:

Բացի այդ, մեզ համար ինքնանպատակ խնդիր չենք դրել, որ ինչ-որ մեկին մեղադրենք, մասնավորապես, Գլխավոր շտաբի, ՊՆ-ի համար առաջին հերթին դասեր քաղելու խնդիրն է, որպեսզի բոլոր թերությունները, բացերը ուսումնասիրենք և կարողանանք ըստ դրա որոշումներ կայացնել»: