Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ի ընտրություններին

Կարծում ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ճիշտ կգնահատի և կհասկանա այս ճգնաժամի իրական հետևանքները և ճիշտ եզրակացություններ կանի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` մեկնաբանելով ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը, գրում է minval.az-ը:

Նրա խոսքով` «Հայաստանում շատերն այս ճգնաժամի հիմնական արդյունքը համարում են Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում, բայց դրա արմատները շատ ավելի խորն են, դրանք հասնում են անցյալ»:

«Կարծում ենք, որ որքան շուտ անվիճելի լինի տարածաշրջանում երկրների բնականոն զարգացման սկզբունքը` միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխանության շրջանակներում հարաբերությունների կարգավորման միջոցով, այնքան շուտ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները, կկարողանան տեսնել արդյունքները»,-ասել է Բայրամովը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին:

«Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում, այն մնում է անփոփոխ: Դա բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման ջատագով է (Հայաստանի հետ – խմբ.): Այս ուղղությամբ առաջարկ է արվել»,-այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի: