ՌԴ ռազմածովային ուժերը նորագույն պատմության մեջ առաջին անգամ վարժանքներ են անցկացնում Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում. գլխավորում է Սերգեյ Ավագյանցը

ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը ծովային ավիացիայի հետ միասին նորագույն պատմության մեջ առաջին անգամ ուսումնավարժանքներ են անցկացնում Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Ուսումնավարժանքներն անցկացվում են Կուրիլյան կղզիներից 4600 կմ հարավ-արևելք գտնվող շրջանում: Ուսումնավարժանքներին մասնակցում է մոտ 20 ռազմանավ, սուզանավ և օժանդակող նավեր: Դրանցում, մասնավորապես, ընդգրկված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» հրթիռային հածանավը, «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավը, այլ նավեր և սուզանավ:

Բացի այդ, զորավարժություններին ներգրավվել են ծովային ավիացիայի Ту-142М3 ինքնաթիռները, որոնք 14 ժամ տևողությամբ թռիչքներ են իրականացրել: Ընդհանուր առմամբ, զորավարժանքներին մասնակում է 20 օդանավ:

Նավերն ու ինքնաթիռներն արդեն մի շարք առաջադրանքներ են իրականացրել, մասնավորապես` պայմանական հակառակորդի ավիացիոն հարվածային խմբի ոչնչացումը:

Զորավարժանքներն անցկացվում են Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցի ղեկավարության ներքո: