«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ

«Պատիվ ունեմ» դաշինքը արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝  «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին: Իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյանները արդեն չեղարկել են:

Ժամը 15:45-ի դրությամբ գերացանցապես մարզային ընտրատեղամասերից շարունակում ենք ստանալ բազմաթիվ ահազանգեր` տեղերում պաշտոնատար անձանց կողմից  ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ։ Մեր բոլոր թիմակիցներին ու համակիրներին կոչ ենք անում հետևել օրենքի տառին ու շարունակել պատվով կատարել իրենց վստահված աշխատանքը:

Հատկապես ցավով ենք տեղեկանում մեր զինծառայողների՝  շարքայիններից մինչև սպայակազմի նկատմամբ կապիտուլյանտ իշխանությունների կողմից կիրառվող կազմակերպված ճնշման համատարած դեպքերի մասին: Ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն, որ իրենց գործողությունները մանրամասն հետաքննվելու ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Հույս ենք հայտնում, որ տարբեր ընտրատեղամասերից ու դիտորդներից ստացվող տեղեկություններն ու փաստերը առ այն, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ 6-րդ համարի քվեաթերթիկի վրա առկա և օրենքով չնախատեսված հետքերը կամ նշումները պատրվակ չեն դառնա այդ քվեները անվավեր ճանաչելու համար։ Ընտրություններից հետո այդ ամենը նույնպես պետք է դառնա քննության առարկա:

Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ և այսօր մինչև ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը: Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը և ինքնության պահպանումը:

Միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքների վրա և պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն: