Քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց 7/3 տեղամասում (հասցե՝ Երևան, Բաշինջաղյան փող. 2-րդ նրբ., 4, թիվ 47 մանկապարտեզ): Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այսօր քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության ու տնտեսական վերելքի:

Երկրորդ նախագահը նաև նշեց, որ Կարեն Կարապետյանն իրենց հետ է, բայց թե ինչպիսի համագործակցություն կլինի, դեռ չեն խոսել:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև Արմեն Չարչյանի ձերբակալությանը, ընդգծելով, որ ձերբակալությունն աբսուրդի ժանրից էր, և որևէ հիմք չկար՝ Արմեն Չարչյանին ձերբակալելու:

Անդրադառնալով հակաքարոզչական թռուցիկներին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դա օրենքի կոպիտ խախտում է, քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, ու արդեն կան կադրեր, ու այն փաստը, որ դեռևս չի բացահայտվել՝ ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ:

«Եթե մոտակա մեկ-երկու ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, մենք կհամարենք և կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,-ասաց նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում