Արժանապատիվ բուժաշխատողների միության ուղերձը բուժաշխատողի օրվա առթիվ

Սիրելի բուժաշխատողներ, այսօր մեր մասնագիտական օրն է: Նախ մաղթում ենք բոլորիս բարի ընթացք ու անփորձանք գործունեություն որտեղ էլ որ լինենք՝ հիվանդանոցում, պոլիկլինակայում, ամբուլատորիայում, թե շտապ օգնության մեքենայում, սահմանին, թե բնակավայրում, մարտի դաշտում, թե թիկունքում:

Վերջին տարիներին բուժաշխատողներն անցան լուրջ փորձությունների միջով, աննախադեպ համավարակի և պատերազմի պայմաններում իրենց դրսևորեցին որպես հայրենիքի անմնացորդ նվիրյալներ:

Չնայած կազմակերպչական բազում խնդիրներին, կառավարչական ձախողումներին, շարքային բուժաշխատողներն իրենց ուսերին տարան առողջապահական համակարգի վրա ընկած աննախադեպ բեռը:

Դա հաջողվեց շնորհիվ տարիների վաստակի, անխոնջ կերպով բուժօգնության տրամադրման, անշահախնդիր նվիրաբերման, բազում հիվանդների բուժման ու ապաքինման համար հետևողական ջանքերի, պատերազմներում անքուն գիշերների անցկացման և հազարավոր կյանքեր փրկելու, թիկունքում անձնազոհ աշխատանքի արդյունքում:

Այսօր արժանապատիվ քաղաքացի լինելը մեզանից պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, այլ նախևառաջ հայրենիքի հանդեպ անսահման սեր, մեր ազգային ավանդույթների, արժեհամակարգի, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանը միտված ապրելակերպ ու կենսակերպ:

Մենք հույսով, համբերությամբ ու աղոթքով սպասում ենք այն օրվան, երբ վերջնականապես կընդհատվեն մեր ոլորտում ապօրինությունների շղթաները և կվերականգնվի արդարությունը, իրենց մասնագիտական տեսակետի համար բժիշկները չեն հալածվի եւ առողջապահության նախարարության համակարգում ներդրված արատավոր բարքերը կվերանան, բժշկական համայնքը պառակտող քայլերը կկասեցվեն, բոլորիս ուժերը կներգրավվեն ի նպաստ մեր հայրենիքի զարգացման, մեր ժողովրդի անվտանգության ապահովման, առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման եւ արդյունավետ կառավարման, և մենք ազգովի Աստծո կամոք կրկին կլծվենք մեր բնագավառները ոտքի կանգնեցնելու ու մեր երկիրը շենացնելու գործին:

Իսկ մինչ այդ, երկրի գիտակից քաղաքացին չպետք է կորցնի սթափ մտածելու կարողությունն ու իր արժանապատվությունը։

Արժանապատիվ բուժաշխատողների միություն