Ղարաբաղում մասնագետները կատարում են ականապատ դաշտերի քարտեզների ամբողջական վերլուծություն. Ադրբեջանի ՊՆ

Դեռ վաղ է խոսել Հայաստանի կողմից փոխանցված Ակնայի տարածաշրջանի ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտության մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Անար Էյվազովը, գրում է Interfax.az-ը։

«Նախ և առաջ ուզում եմ նշել, որ այժմ մասնագետները կատարում են քարտեզների ամբողջական վերլուծություն: Միևնույն ժամանակ, տարածքում գործնական աշխատանքներ են տարվում: Հետևաբար, դեռ վաղ է խոսել ինչ-որ թվերի, այն մասին, թե քարտեզները համապատասխանում են ստանդարտներին: Եվ սա ոչ միայն Ակնայի տարածաշրջանի ականադաշտերի քարտեզի մասին է, այլև բոլոր քարտեզների վերլուծության», – ասել է Էյվազովը:

ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ այս ուղղությամբ ձեռք բերված արդյունքները պարբերաբար կհրապարակվեն:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Բաքվին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ քարտեզները՝ 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման մասին, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց ընդամենը 15 ռազմագերի։

Այս փոխանակումն իրականացվել էր ԱՄՆի ու Վրաստանի միջոցով, ինչպես հայտնեցին կառավարությունից։ Գերիները Հայաստան վերադարձան Վրաստանից Հայաստան ցամաքային սահմանով։