Սիսիան քաղաքում շտաբների խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել. «Հաստատված տեղեկություն ենք ստացել այն մասին,  որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում, բոլոր շտաբերի խուզարկության օպերացիա:

Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի  որոնումը: Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող, քանի որ  քվեաթերթիկները տպագրվում են բացառապես հատուկ տպարանների  կողմից, որոնցից և ոչ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել:

Միաժամանակ  տեղեկություն ունենք, որ խուզարկության որոշումը կայացվել  է ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Նպատակը նշված գործողության հանդիսանում է «Հայաստան»  դաշինքի համակիրների գործունեության պարալիզացումը հենց ընտրությունների օրը,  ինչը աննախադեպ է և նախկինում երբևէ չհանդիպած խայտառակություն:

Ավելին, շտաբի պատասխանատուներին առանց որևէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիքի մարզից Երևան, իբր բացատրություն վերցնելու նպատակով:

Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ: Դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր օրինական միջոցները «Հայաստան»  դաշինքի բնականոն գործունեության և քվեարկության գործընթացը անհապաղ վերականգնելու նպատակով:

Դիմում ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ ստեղծված իրավիճակը խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով»: