«Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ գույնի նշումներ․ Հրավիրում ենք ԿԸՀ-ի և դիտորդների ուշադրությունը․ Սոս Հակոբյան

«Մենք ստանում ենք բազմաթիվ ահազանգեր մեր պատգամավորական թեկնածուներից և իրենց ակտիվիստներից հետևյալի մասին, որ ուղղակի զանգահարում են և կանչում են ոստիկանության բաժանմունքներ, քննչական մարմիններ՝ ասելով, որ 1-1,5 ժամից պարտավոր եք ներկայանալ։ Կան նաև տեղեկություններ, որ հետևում են տասնյակ մարդկանց, որոնք մինչև այս օրը զբաղված էին քարոզչական գործով, դրանից հետո կանչելով բաժիններ, առնվազն մի քանի ժամ պահում են, որոշակի գործողություններից հետո փաստաբանների ներկայությամբ մի մասին բաց են թողնում, մի մասին պահում են ավելի երկար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի կունենա դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ հրավիրելով բոլոր միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ուշադրությունը՝ այս դեպքերի վրա։

«Մենք ստացել ենք տեղեկատվություն, որ մի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ գույնի նշումներ։ Որոշ ընտրական տեղամասերում դրանց թիվը հասնում է մինչև 300-ի։ Մենք այս պահին ԿԸՀ ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքին, որ հստակ տրվի պարզաբանում, որ սա չի կարող հիմք լինել քվեաթերթիկների անվավերության համար։

Կան նաև արդեն հրապարակումներ մամուլում՝ քվեատուփերի խոտանված լինելու վերաբերյալ՝ քվեատուփերի վրա կան բացված անհասկանալի անցքեր, որոնցից հնարավոր է քվեաթերթիկներ ներս մտցնել։ Սա նույնպես կարող է առիթ հանդիսանալ ապօրինությունների համար, և հրավիրում ենք ԿԸՀ-ի և դիտորդների ուշադրությունը։ Կա նաև տեղեկատվություն՝ քվեաթերթիկների ոչ պատշաճ պահման վերաբերյալ, այսինքն՝ այն դեպքերում, երբ քվեաթերթիկը հնարավոր չէ պահել սեյֆում, ուղղակի պահվում են՝ խախտելով կանոնները, և կարող են առիթ ստեղծել, որպեսզի քվեաթերթիկը համարվի անվավեր»։