«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը. ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարություն է տարածել.

«Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իրեն՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Դրանով վերջինս կոչ ու հորդոր ներկայացրեց քվեարկությանը «անպայման» մասնակցելու վերաբերյալ:

Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, իրենից գործադիր իշխանության մարմինների ծառայողական կախվածությունը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու:

Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի»,- գրված է հայտարարության մեջ: