Արցախի ՊԲ-ը բացարձակ անընդունելի է համարում ՊԲ-ում նկատվող նախընտրական քարոզչության դեպքերը

Արցախի պաշտպանության բանակը բացարձակ անընդունելի է համարում ՀՀ-ում արտահերթ ընտրություններին ընդառաջ ՊԲ-ում նկատվող նախընտրական քարոզչության դեպքերը՝ շեշտելով, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակը:

«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է նաև, որ արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն

«Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից»,-ասված է հայտարարությունում:

ՊԲ-ից նշել են նաև, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում: