Ավելի լավ կլինի՝ նրանք զբաղվեն իրենց հանցագործներով, որոնք Ղարաբաղում խախտում են մարդու իրավունքները․ Արա Աբրահամյան

«Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու տեղեկությունը՝ նշելով, որ դեռ ոչ մի ծանուցում չի ստացել այդ հարցով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ադրբեջանի դատախազությունը թող հորինի, ինչ ուզում է։ Ինձ համար ծիծաղելի է։ Ավելի լավ կլինի, նրանք զբաղվեն իրենց հանցագործներով, որոնք Ղարաբաղում խախտում են մարդու իրավունքները։ Իսկ այն, ինչ իրենք հորինում են, դա անհեթեթություն է և ինձ չի հուզում։ Ես մեղավոր չեմ, և խնդիրներ ունենալ չեմ կարող»,- ասել է Աբրահամյանը։

Աբրահամյանը նաև նշել է, որ նախատեսում է դիմել միջազգային դատական ատյաններին, որպեսզի «պահանջի Ադրբեջանի հանցագործությունների հետաքննություն անցկացնել»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երեք հայ գործարարների նկատմամբ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ զենքի և ռազմատեխնիկայի ապօրինի ներկրման պատճառով։ Նրանց թվում են Սամվել Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը։