ՄԻՊ թեժ գծի ահազանգի մանրամասները «Հայաստան» դաշինքի համակիրներին Ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու վերաբերյալ. գրություններ են ուղարկվել Դատախազություն և Ոստիկանություն

2021 թվականի հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկազ Հարությունյանը և հայտնել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից Վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավի ընթացքում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և Շահեն Վարդանյանին։ Հ. Հարությունյանը պնդել է, որ Պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացնելու պահի դրությամբ տեղեկություն չի ունեցել այդ անձանց գտնվելու վայրի մասին։

ՄԻՊ տեղեկացմամբ, ահազանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ոստիկանությունից պարզաբանումներ է ստացել այն մասին, որ նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման կասկածանքով (հավաքը խոչընդոտելը), նրանցից երկուսը տեղափոխվել են քննչական մարմին: Այս մասին հետո տեղյակ է պահվել Պաշտպանի թեժ գծին զանգահարած անձը:

Այնուհետև Հ. Հարությունյանը կրկին կապ է հաստատել և տեղեկացրել, որ Տիգրան Խուդոյանը դուրս է եկել քննչական մարմնի վարչական շենքից՝ ձեռքի հատվածում վիրակապված, ունի ձեռքի հոդի խախտում (ըստ տվյալ անձի՝ ձեռքը «դուրս է ընկել»):

Տ. Խուդոյանը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է ոստիկանների կողմից բերման ենթարկելիս իր նկատմամբ ձեռնաշղթա գործադրելու արդյունքում: Տեղեկացրել է նաև, որ ձեռքի մատներն ամպուտացված են, այդ պատճառով Ոստիկանության ծառայողներին նախապես խնդրել է իր նկատմամբ ձեռնաշղթա չգործադրել, սակայն, այնուամենայնիվ, ձեռնաշղթան գործադրվել է:

Ըստ ահազանգի՝ բերման ենթարկվելու, ինչպես նաև Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում Տ. Խուդոյանի նկատմամբ ոստիկանները կիրառել են բիրտ ուժ, ծեծի է ենթարկվել նաև այդ պահին ազատությունից զրկված մյուս անձը՝ Շահեն Վարդանյանը, ում «Շտապօգնություն» ծառայության բրիգադ է այցելել:

Ավելի ուշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց նկատմամբ ֆիզիկական ոչ համաչափ ուժ է գործադրվել, հրապարակվել է նաև լուսանկար:

Հաշվի առնելով ահազանգի հանգամանքները, նկատի ունենալով ազատությունից զրկված անձանց բռնության ենթարկելու կոնկրետացված տեղեկությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ են ուղարկվել Դատախազություն և Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում ստուգելու համար Ոստիկանության բաժնում քաղաքացիներին բռնության ենթարկելու մասին տեղեկությունները: