Դատարանը պարտավորեցրեց Բաբաջանյանին հերքել նախկին վարչապետի հասցեին իր կողմից հնչեցված հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` օրեր առաջ նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի հրապարակվեց ավելի քան երկու տարի ընթացող`  նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն` ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատական  ակտը:

Հիշեցնենք` Խոսրով Հարությունյանը դատական հայց էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով:

Հայցի հիմքում ընկած էր հետեւյալը. 2019թ ապրիլի 18-ին Ազգային Ժողովի լիագումար նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին ուղղված իր հարցում հայտարարել էր, որ հանձնաժողովը ջրային ռեսուրսներն օգտագործելու արտոնագրեր է տվել նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաների,  արդյունքում համակարգում տեղի են ունեցել օրինախախտումներ և թալան: Որպես իր խոսքերի հիմնավորում պատգամավորը նշել էր Խոսրով Հարությունյանի անունը՝ փաստելով, որ առ այսօր վերջինս գործունեություն է իրականացնում այդ ոլորտում և հանդիսանում է  ՀԷԿ-ի սեփականատեր:

Խոսրով Հարությունյանը դիմել էր դատարան փաստելով, որ Արման Բաբաջանյանը զրպարտում է իրեն կեղծ լուրեր տարածելով և  պահանջել դատարանից պարտադրել նրան հրապարակավ հերքել իր կողմից հնչեցրած փաստերը՝ ճանաչելով դրանք որպես իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող:  Շուրջ երկու տարի տևած քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի քննության արդյունքում դատարանը բավարարեց Խոսրով Հարությունյանի հայցը ընդդեմ Արման Բաբաջանյանի։

Քննվող գործով պատասխանող Արման Բաբաջանյանը, որն, ի դեպ, խուսափում էր դատական նիստերին ներկայանալ, և նրա ներկայացուցիչը չհիմնավորեցին 2019թ․ Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հնչեցված  փաստերը:

Դատարանը հաստատված  համարեց , որ Արման Բաբաջանյանի կողմից Ազգային Ժողովի նիստում հնչեցված տեքստի բովանդակությունից ակնհայտ է, որ պատասխանողը նշված ապօրինությունների և օրինախախտումների հետ կապում է Խոսրով Հարությունյանի անունը, ավելինպատասխանողի արտահայտություններից  աներկբա հետևում է, որ վերջինս Խոսրով  Հարությունյանին վերագրում է  ՀԷԿ-ի  և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագիր ունենալուփաստը, ուստի  և  այդ ոլորտում օրինախախտումներ և թալան կատարելու  գործողությունները։ Դատարանն արձանագրել է նաև, որ պատասխանող Արման Բաբաջանյանը Խոսրով Հարությունյանին  վերագրում է գործողություններ, որոնք առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում և ներկայացվող գործողությունները հասարակությունում ունեն բացասական ընկալում՝ հատկապես տվյալ  ժամանակահատվածում։ Դատարանն արձանագրել է այն փաստը, որ ակհնայտ է պատասխանող Արման Բաբաջանյանի դիտավորությունը Խոսրով Հարությունյանի հանդեպ ստեղծելու հասարակական պարսավանքի և դատաապարտման մթնոլորտ արատավորելով Խոսրով Հարությունյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, չունենալով իր կողմից  հնչեցված  տեղեկությունների իրականությանը համապատասխանելու առումով  որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց ։

Արդյունքում  դատարանը վճռել է՝ Արման Շամիրի Բաբաջանյանին պարտավորեցնել վճռի օրինական ուժ ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստի ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում հերքել 18․04․2019թ․ ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հրապարակված փաստերը, որպես իրականությանը չհամապատասխանող: Դատարանը պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանից հօգուտ հայցվոր Խոսրով Հարությունյանի վճռել է նաև բռնագանձել 400 հազար ՀՀ դրամ գումար, որպես զրպարտելու միջոցով Խոսրով Հարությունյանի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Դատարանի վճռով փոխհատուցվել են նաև դատական ծախսերը։