Ադրբեջանի ու Թուրքիայի համար, իհարկե, ապագա կա. դավաճան Նիկոլը նրանց մատուցեց գրեթե այն ամենը, ինչ ուզում են

Մնացածն էլ, հավանաբար, խոստացել է

 

Իհարկե՛, կա՛ ապագա… Սա այն դեպքերից մեկն է, երբ ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թշնամի, ստախոս, կեղծարար, ապօրինի, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը չի ստում:

Ապագա կա, որովհետև աշխարհի վերջը դեռ չի եկել, Երկիր մոլորակն իր ուղեծրում շարունակվում է պտտվել, ու կյանքն էլ երկրի վրա դեռ շարունակվում է:

Ապագա կա, որովհետև մահից հետո էլ կյանք կա, ուրեմն կա նաև ապագա:

Ապագա կա նույնիսկ Ահեղ դատաստանից հետո, ոմանց համար (կարծում ենք, նաև` Նիկոլի) Դժոխքում, ոմանց համար էլ` Դրախտում:

Ապագա կա այլ պետությունների ու ժողովուրդների, նրանց թվում` Ադրբեջանի, Թուրքիայի, ադրբեջանցիների ու թուրքերի համար, որովհետև իրենց հարևան երկրի ղեկավարն իրենց նախագահներ Ալիևին և Էրդողանին, ինչպես ասում են, արծաթյա սկուտեղի վրա մատուցել ու մատուցում է (վաճառում կամ իրեն հայտնի պատճառով հանձնում) գրեթե այն ամենը, ինչ ուզում են` Արցախը (ճիշտ է, առայժմ տարածքի միայն մոտ 75 տոկոսը, մնացածն էլ, հավանաբար, խոստացել է հանձնել առաջիկայում), տարածքներ Հայաստանի տարբեր մարզերից (առայժմ միայն Սյունիքի և Գեղարքունիքի, հերթի են դրված նաև Տավուշի և Արարատի մարզերը), հայ զինվորների և, ընդհանրապես, հայի արյունը, նաև` տառապանքն ու արցունքը, ականադաշտերի քարտեզները և այլ ռազմական, պետական գաղտնիքներ, հայի պատիվը, արժանապատվությունը…

Այս անառարկելի փաստերից հետո, իր զոմբիացրած զանգվածից ու յուրայիններից բացի, որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ Ադրբեջանի, Թուրքիայի, ադրբեջանցիների ու թուրքերի համար ապագա կա, իհարկե՛, քանի դեռ Հայաստանի ղեկավարի պաշտոնը Նիկոլը զավթել է: Ի դեպ, ««Ապագա կա» կարգախոսը ոչ թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են ընտրել, այլ այն փոխառվել է թուրքական «Բարօրություն» կուսակցությունից» ():

Այլ խնդիր է, որ Հայաստանի ու ՀԱՅԻ համար ապագա չկա, քանի դեռ Նիկոլն իշխանության ուզուրպացիայով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը: Բայց Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա՛ ապագա» կարգախոսում չի էլ գրված, որ Հայաստանի ու հայերի համար ապագա կա, և եթե Նիկոլն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նույնիսկ ասում է, թե կա ապագա Հայաստանի ու հայերի համար, ապա այս դեպքում ևս չի ստում, խնդիրն այն է, թե մտքում ի՞նչ ապագա նկատի ունի` լուսավո՞ր, թե խավար ապագա…

Այն ամենը, ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած Նիկոլի իշխանության շուրջ 3 տարում կատարվեց Հայաստանի, Արցախի ու նրանց բնակիչների հետ, մեզ լիարժեք հիմք են տալիս եզրակացնելու, որ նա մտքում նկատի ունի մեր խավար ապագան, այսինքն` պատմության ասպարեզից ՀԱՅ տեսակի, Արցախի և Հայաստանի, որպես պետության, անհետանալը կամ թուրքական վիլայեթի վերածվելը: Հետևաբար մենք ապագա կարող ենք ունենալ միայն առանց Նիկոլի:

 

Արթուր Հովհաննիսյան