Բայդենն ու Պուտինը իրենց հարաբերություններում «կարմիր գծերին» չեն հասել

Բայդեն-Պուտին բանակցությունները Ժնևում կայացել են: Արևմտյան լրատվամիջոցները նշել են, որ ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը տևել է շուրջ 3,5 ժամ: Գործնականում մանրամասն տեղեկություններ չկան, և որ ամենակարևորն է, հունիսի 16-ի երեկոյան ոչ ոք չէր համարձակվում գրել կամ ընդհանրապես ինչ-որ բան արտահայտել այն մասին, թե Պուտինը և Բայդենը «ընդհանուր լեզու գտե՞լ են, թե ոչ»:

Վաշինգտոնյան «դեմոկրատը» մի փոքր մտահոգված էր: Լրատվամիջոցները հայտնում էին, որ նա նույնիսկ մի քանի ժամով հետաձգել է իր ասուլիսը, չնայած սկզբում ցանկանում էր առաջինը լինել` լրագրողների հետ հանդիպմանը: Բայդենը վերադարձել է հյուրանոց, որտեղ սպասում էր Պուտինի մամուլի ասուլիսի ավարտին: Արդյունքում, նրա մամուլի ասուլիսը կայացավ, բայց միայն ամերիկյան լրատվամիջոցների համար, և այն էլ՝ շատ կարճ:

Իսկ ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության աղբյուրի, Պուտինի ու Բայդենի բանակցությունները «բուռն էին, կողմերը քննարկել են ամբողջ օրակարգը»: Այնուամենայնիվ, դատելով բանակցությունների ընդլայնված լուսանկարում առկա դեմքերի արտահայտություններից, բանակցություններում մթնոլորտն ամենևին էլ բարյացակամ չէր: Ընդհակառակը, մեկ այլ գործակալություն՝ «ՌԻԱ Նովոստին», գրում է, որ «բանակցություններին մոտ կանգնած ռուսական պատվիրակության որոշակի աղբյուրը» հայտարարել է, թե իբր «բանակցությունները բավականին հաջող են անցել»:

Պուտինի ասուլիսից որոշ հատվածներ, հնարավոր է, կարող են օգնել գոնե ինչ-որ բան հասկանալ առաջնային տեղեկատվությունից. «Կարծում եմ, որ թշնամանք չի եղել, ընդհակառակը, մեր հանդիպումը, իհարկե, սկզբունքային ձևով է անցել. շատ դիրքորոշումների շուրջ գնահատականները տարբերվում են, բայց, իմ կարծիքով, այնուամենայնիվ, երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել հասկանալ միմյանց և փնտրել դիրքորոշումները մերձեցնելու ուղիներ: Զրույցը շատ կառուցողական էր: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին ունակ են լուծել ցանկացած հարց»: Բայց եթե փաստերով, ապա հայտնի է միայն, որ երկու երկրների դեսպանները կվերադառնան իրենց դիվանագիտական ​​առաքելությունների կատարմանը՝ համապատասխանաբար Վաշինգտոնում և Մոսկվայում, և որ Ռուսաստանի ԱԳՆ-ը և ԱՄՆ Պետդեպարտամենտը կվերսկսեն իրենց շփումները:

Մենք կարևորում ենք նաև Պուտինի մամուլի ասուլիսի ևս մեկ մեջբերումը. «ԱՄՆ-ը Ռուսաստանին հայտարարեց իր թշնամի, հակառակորդ, Կոնգրեսը դա արեց 2017-ին: Միացյալ Նահանգների օրենսդրության մեջ դրույթներ են դրվել այն մասին, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի ժողովրդավարական կառավարման կանոններն ու կարգը մեր երկրում և աջակցի քաղաքական կազմակերպություններին»: Դրանով Պուտինը հիշեցրեց աշխարհին, թե ովքեր գնացին մոլորակի ռազմավարական վիճակի սրման: Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ը և ԱՄՆ պետքարտուղարությունը կաշխատեն դատապարտյալների փոխանակման հարցի շուրջ. «Ես և Բայդենը խոսեցինք դատապարտյալների փոխանակման մասին, կարելի է գտնել փոխզիջումներ»:

Այդուհանդերձ, խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի «կարմիր գծերի» մասին՝ Պուտինն ասաց. «Ես և Բայդենը այդքան հեռու չենք հասել»: Ստացվում է, որ նրանք «քիչ ժամանակ ունեցան» քննարկելու համար, օրինակ, տարածաշրջանային հակամարտությունները (Իրաք, Սիրիա, Արցախ) կամ նույնիսկ Ուկրաինան ու Բելառուսը: Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները նաև համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմավարական կայունության վերաբերյալ. «Մենք ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջ. Ռ. Բայդենը նշում ենք, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ նույնիսկ լարվածության պայմաններում ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման մեջ`ապահովելու կանխատեսելիություն ռազմավարական ոլորտում, նվազեցնելու զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքը: Հարձակողական սպառազինությունների կրճատման (ՀՍԿ) մասին պայմանագրի վերջերս երկարաձգումը վկայում է միջուկային զենքի վերահսկմանը մեր նվիրվածության մասին: Այսօր մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և դրանք երբեք չպետք է սանձազերծվեն: Այս նպատակներին հասնելու համար Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շուտով կսկսեն ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկկողմ երկխոսություն, որը կլինի բովանդակային և եռանդուն: Այս երկխոսության միջոցով մենք նպատակ ունենք սպառազինությունների ապագա վերահսկման և ռիսկերի մեղմացման միջոցառումների հիմք դնել»:

Ոչ Պուտինը, ոչ Բայդենը, մասնավորապես, տարածաշրջանային հակամարտությունների մասին որևէ բան չեն ասել, բայց եթե հաշվի առնենք ՏԱՍՍ-ի զեկույցի արտահայտությունը. «…կողմերը քննարկել են ամբողջ օրակարգը», ապա պետք է մտածել, որ դրանք այնուամենայնիվ հակամարտությունների և, մասնավորաբար, Արցախի մասին միմյանց «ինչ-որ բան ասել են»: Վստահ ենք, որ մոտ ապագայում ամբողջ մոլորակը ոչ մեկ անգամ կանդրադառնա 2021 թվականի հունիսի 16-ին Ժնևում կայացած ԱՄՆ-ՌԴ բանակցություններին: Հայաստանը նույնպես ստիպված կլինի բազմիցս հիշել այս իրադարձությունը և փորձել հստակ պարզաբանել այն, թե Պուտինն ու Բայդենը ինչ խոսեցին իրավիճակի և Արցախի ապագայի մասին, եթե իրոք նրանց հաջողվել էր մի քանի արտահայտություն փոխանակել մեր Արցախի մասին… Եկեք ասենք ևս մեկ բան. ամերիկյան պահպանողական աղբյուր «The American Spectator»-ը («Ամերիկյան հանդիսատես»), փորձելով կանխատեսել Ժնևի բանակցությունների արդյունքը, որը հրապարակվել է վերլուծաբան Ջեդ Բաբինի միջոցով, այսպես էր ամփոփել. «Բայդենը, ինչպես կարելի էր ակնկալել, կանխարգելիչ կերպով կզիջի Պուտինին նույնիսկ Ժնևի հանդիպումից առաջ»… Իսկ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 16-ին Fox News հեռուստաալիքում բացահայտ հայտարարեց. «Կարծում եմ, ընդհանուր առմամբ, մենք ոչինչ չենք ստացել: Մենք բարձր ամբիոն ենք ապահովել Ռուսաստանի համար: Եվ ոչինչ չստացանք: Կարծում եմ ՝ լավ օր էր Ռուսաստանի համար, ես չեմ հասկանում, թե արդյունքում մենք ինչ ստացանք»: Միևնույն ժամանակ, Թրամփը անկեղծորեն ասաց, որ ԱՄՆ-ը, ըստ էության, ցանկանում էր և ցանկանում է բռնազավթել և գաղութացնել Ռուսաստանի տարածքը. «Մեզ պետք է այն, ինչ նրանք ունեն: Ռեսուրսների արդյունահանման տեսանկյունից շատ արժեքավոր տարածքներ՝ և նույնիսկ շատ ավելին»: Բայց, ինչպես գիտեք, նույնիսկ համեմատաբար փոքր Ղրիմը և Դոնբասի մի մասը «պլստացին» Ամերիկայից: Ցավոք, որ Հայաստանի պարագայում Միացյալ Նահանգները հասավ նպատակին՝ թուրքական գործակալների խամաճիկային ռեժիմի հաստատմանը…

Սերգեյ Շաքարյանց