ԱԱԾ-ականները Գորիսում սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ «բացատրական աշխատանքներ» վարել

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել։

Հայտարարությունը՝ ստորև․

«Դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։

Քիչ առաջ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունիքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ: Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում դրանք որևէ արդյունք չեն տվել։

Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։

Կարծում ենք՝ այս ժամանակահատվածում առավել քան պարզ է բոլորին, որ ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու և ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը ապօրինի քաղաքական ծառայություններ մատուցի»։