Առողջապահության նախարարի պաշտոնակատարը պատմե՞լ է՝ ինչպե՞ս ինքը, իր կուռատոր Արսեն Թորոսյանը և փոխնախարար Լենա Նանուշյանը կազմաքանդեցին ՁԻԱՀ–ի կենտրոնը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա․Ավանեսյանը ելույթ է ունեցել 2021թ․ ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հարցերով նիստին:

Արդյո՞ք Ա․Ավանեսյանը պատմել է, թե`

  1. Ինչպե՞ս ինքը, իր կուռատոր նախկին նախարար Արսեն Թորոսյանը և փոխնախարար Լենա Նանուշյանը միասին կազմաքանդեցին ՁԻԱՀ–ի կենտրոնը, որը 2017թ․ հաղթող էր ճանաչվել ՄԱԿ–ի պետական ծառայության մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում՝ դառնալով ՄԱԿ–ի մրցանակի արժանացած Հայաստանում առաջին և միակ պետական ու տարածաշրջանում միակ առողջապահական կառույցը։ Ավելին, ՄԱԿ–ի այդ ստորաբաժանումն արձանագրել էր, որ ՁԻԱՀ–ի կենտրոնն իր գործունեությամբ աջակցում է 2030թ․ Կայուն զարգացման օրակարգի իրականացմանը։
  2. Ինչպե՞ս իրենք անտեսեցին ՁԻԱՀ–ի մասին գործող օրենքը, ըստ որի ՀՀ–ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելման և մոնիտորինգի նպատակով գործում է ՁԻԱՀ–ի կենտրոն և ապօրինի որոշում անցկացնել տվեցին Կառավարության նիստի չքննարկվող հարցերի շարքում։
  3. Ինչպե՞ս շուրջ մեկ տարի անց նրանք փորձեցին պոստֆակտում լեգիտիմացնել իրենց ապօրինությունները և Ազգային Ժողովում փոխել օրենքը՝ հանելով ՁԻԱՀ–ի կենտրոնի մասին դրույթը։
  4. Ինչպե՞ս ստախոսությամբ կարողացան հավանություն ստանալ օրենքի նախագծի վերաբերյալ պրոֆիլային հանձնաժողովում, բայց հետո, աննախադեպ ձևով, ձայների մեծամասնությամբ տապալվեցին ԱԺ լիագումար նիստի ժամանակ։
  5. Ինչպե՞ս իրենց ձեռամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի ոլորտի 50–ից ավել աշխատակիցներ, այդ թվում բժիշկներ, լաբորանտներ, բուժքույրեր ազատվեցին աշխատանքից և տարիներով ստեղծված հսկայական պոտենցիալը և մասնագիտական ներուժը փոշիացվեց։
  6. Ինչպե՞ս մի շարք միջազգային գիտահետազոտական աշխատանքներ և կրթական ծրագրեր ընդատվեցին, իսկ դրանցում ներգրավված մասնագետները ազատվեցին իրենց պարտականությունները կատարելուց։

2016թ․ ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հարցերով նիստին Հայաստանն աշխարհում 4-րդ, իսկ Եվրոպայում 1-ին երկիրն էր, որ ստացավ

մորից երեխային ՄԻԱՎ–ի փոխանցման վերացումը փաստող Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստագիր, իսկ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Ասամբլեայի ամբիոնից Հայաստանը դասեց օրինակելի երկրների շարքին։

Ցավոք, 2021թ․ նույնանման նիստին բացի մեր երկրի ենթատեքստից կտրված, սերտած նախադասություններից, հերթապահ ֆրազներից ու ընդհանուր բառակապակցություններից դուք ոչինչ չունեք ներկայացնելու։

Այս ելույթով դուք ինքներդ բացահայտեցիք թորոսյանական պսևդոռեֆորմների ողջ էությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի ոլորտի լիովին ձախողումը և տարիներով ստեղծված մասնագիտական հզոր պետական ինստիտուտի վերացման տխուր հետևանքները։

Հուսանք, որ այս ամենին մոտ ապագայում կտրվի համարժեք գնահատական։

Հակահամաճարակային ալյանս