Մերժելով Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը հեռուստաբանավեճում՝ խախտվում է հավասար պայմանների սկզբունքը. «Ազատ հայրենիք»

«Ազատ Հայրենիք» դաշինքը հայտարարություն է տարածել, նշելով, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի որոշումը՝ մերժել հունիսի 17-ի «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճում դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, կոպտորեն խախտում է ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը:

«Ակնհայտ է, որ ներկայացնելով ձևական փաստարկներ, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, նպատակ է հետապնդում ընտրողների կողմնորոշման համար կարևորագույն բանավեճում արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար:

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքը դատապարտում է Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը, և կոչ է անում հավատարիմ մնալ Հանրային հեռուստաընկերության գլխավոր առաքելությանը՝ անաչառ լուսաբանել նախընտրական քարոզարշավը:

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքը կրկին անգամ տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ հունիսի 17-ի եզրափակիչ բանավեճում դաշինքի կողմից հանդես գալու համար լիազորում է միայն դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանին։ Մեր այս որոշումն անտեսելով Դուք խախտում եք ընտրական գործընթացի կարևորագույն բանավեճում՝ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի իրավահասար մասնակցության իրավունքը, եւ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի նկատմամբ իրականացնում եք խտրական վերաբերմունք»,- նշվում է դաշինքի տարածած հայտարարությունում: