Այսօր վարչական դատարանը քննելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը. Արա Զոհրաբյան

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ այսօր՝ ժամը 22:00-ին ՀՀ վարչական դատարանը քննության է առնելու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

«Ինչպես հիշում եք «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դիմել դատարան:

ԿԸՀ-ն մերժել էր Զարթոնքի դիմումը:

Այսօր՝ 16.06.2021թ. ժամը 22:00-ին (Երևանի Գ.Նժդեհի 23 հասցեում) ՀՀ վարչական դատարանը, հինգ դատավորի կազմով, քննության է առնելու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը: Վարչական դատարանը երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- գրել է Զոհրաբյանը: