Վրաստան է մեկնել այս տարվա առաջին գնացքը

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը: Մինչև հոկտեմբերի 1-ը գնացքն ամեն օր կապելու է Երևանը և վրացական առողջարաններ՝ Բաթումը, Քոբուլեթին, Ուրեկին:

Ուղևորներին այժմ սպասարկելու են Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության
ամենաժամանակակից վագոնները:

Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է գնացքի 490 տոմս, իսկ առաջին գնացքով մեկնել է ավելի քան 60 ուղևոր:

Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Հակառակ ուղղությամբ գնացքը նույնպես աշխատելու է ամեն օր՝ Բաթումից մեկնելով 15:40-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:
Տոմսերի գները մեկ անձի համար մեկ ուղղությամբ տատանվում են գրեթե 14 հազար դրամից մինչև 36,3 հազար դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: