Դատապարտում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցելության առնչությամբ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք:

Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը։

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք միտված են` ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են։ Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը:

Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային

Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»։