Ի՞նչ առաքելությամբ էին պատերազմից հետո Հայաստանում գտնվում ՄԹ բուժաշխատողները, արդյո՞ք նրանք չեն զբաղվել լրտեսությամբ՝ հօգուտ Ադրբեջանի

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Lragir.am կայքը, հղում անելով առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակին, տեղեկացրել էր, ավելի վաղ Միացյալ Թագավորությունից (ՄԹ) Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնց առաքելությունն էր հայ բժիշկներին COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը վերահսկելու հարցում աջակցություն ցուցաբերելը։

Այդ ժամանակ արդեն Արժանապատիվ բուժաշխատողների միությունն անդրադառնալով այդ այցելությանը (https://www.facebook.com/unionhealthcareworkers/posts/164513208741816)՝ մտահոգություններ էր հնչեցրել նշված խմբի առաքելության հետ կապված, որի շրջանակը դուրս էր միայն COVID-19-ով հիվանդների բուժման հարցերից: Մասնավորապես, նշվում էր, որ ՄԹ շտապ բուժօգնության խումբը վերապատրաստման դասընթացներ պետք է անցկացներ Հայաստանում, համակարգեր հիվանդանոցների աշխատանքը՝ համագործակցելով բուժանձնակազմերի հետ, երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում, աջակցելով Առողջապահության նախարարությանը (ԱՆ)՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Արժանապատիվ բուժաշխատողների միությունը հարցադրումներ էր հնչեցրել, թե այդ ի՞նչ սուպերպրոֆեսիոնալների թիմ է, որ, լինելով շտապ բուժօգնության խումբ, ընդունակ է բուժական հարցերից սկսած մինչև կազմակերպչական, կառավարչական, հիվանդանոցների համակարգման, COVID-19-ից բացի այլ (նշված չէ, թե որ) հիվանդությունների դեմ պայքարի, կրթական և այլ խնդիրներ լուծել, ի՞նչ հիմքով է այս խմբին փոխանցվում պետական կառավարման մարմնի գործառույթ՝ հիվանդանոցների աշխատանքի համակարգում, արդյո՞ք ավելի լայն լիազորություններ չեն տրված ԱՆ-ի կողմից այս խմբին, քան ներկայացված է հաղորդագրության մեջ, ինչո՞ւ է այս առաքելությունն իրականանում ռազմական դրության պայմաններում և արդյո՞ք այս խումբը չի առնչվելու ռազմական գաղտնիք պարունակող տվյալների հետ, հաշվի առնելով այն, որ մեր հիվանդանոցներում այդ ժամանակ բուժում էին ստանում նաև մարտական գործողություններում վիրավորվածներ, արդյո՞ք այս այցով հող չի նախապատրաստվելու բրիտանական արտադրության վակցինայի ձեռքբերման համար, արդյո՞ք այս խմբի ստվերային զեկույցը չի հայտնվելու մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների սեղանին, արդյո՞ք ԱՀԿ հայաստանյան գրասենյակն ունի բարոյական իրավունք ստանձնելու նման բազմապրոֆիլ բժշկական դեսանտի հրավերը և այլ հարցադրումներ։ Ի դեպ, այն հանգամանքը, որ ԱՀԿ էջում տեղադրված տեղեկատվությունն այդ խմբի և նրա այցի նպատակների վերաբերյալ բավականին կցկտուր էր, արդեն իսկ կասկածներ էր հարուցում։

Իսկ եթե հաշվի առնենք, որ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ե. Զայցևը աչքի չի ընկել առողջապահության նախարարության կողմից համավարակի դեմ պայքարի տապալման գեթ մի անաչառ գնահատականով, որով վարկաբեկել է հեղինակավոր միջազգային կառույցը և դարձրել ծաղրի առարկա, ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանային տնօրենի անունից պատերազմի ողջ ընթացքում տարածել է արցախյան հակամարտության վերաբերյալ ընդամենը մեկ՝ անատամ, անհասցե հայտարարություն, մինչդեռ Ստեփանակերտի հիվանդանոցի, ծննդատան, մի շարք հոսպիտալների նպատակային ռմբակոծմանը, շտապօգնության մեքենաների թիրախային խոցմանը, բուժաշխատողների սպանություններին որևէ կերպ չի անդրադարձել, ԱՆ-ը համավարակի դեմ պայքարում անտեսել է մասնագիտական տարբեր հարթակներից հնչած բազմաթիվ ողջամիտ առաջարկներ, անձնական շարժառիթներով առողջապահական համակարգի դռները փակել է իրեն քննադատող փորձառու բուժաշխատողների առջև, ովքեր անգամ խիստ պահանջարկի պայմաններում չեն կարողացել իրենց ծառայությունները մատուցել հայրենիքին, ՄԹ-ն այն երկիրն է, որն ըստ ԶԼՄ-ների անթաքույց աջակցել է մեր թշնամուն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակել հակամարտությանը վերաբերող բանաձևի ընդունումը, մինչդեռ առողջապահությունը ազգային անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկն է, ապա մտահոգությունները բազմապատկվում են: Ի դեպ, այսօր ևս հնչեցված հարցադրումներին պատասխաններ չեն տրվել անգամ ՀՀ առողջապահության նախարարությանն ու ԱՀԿ հայաստանյան գրասենյակին LIVEnews.am-ի ուղղած հարցերից հետո։

ՄԹ բուժաշխատողների առաքելության նպատակն ու խնդիրները պարզելու նպատակով մենք դեռ ամիսներ առաջ հարցումներ էինք ուղարկել Առողջապահության նախարարություն և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակ, հարցումների պատասխանները մասնագիտորեն վերլուծելու խնդրանքով դիմել ենք Արժանապատիվ բուժաշխատողների միության փորձագետներին, որոնց գնահատմամբ այդ պատասխանները որոշ դեպքերում հասնում են զավեշտի աստիճանի՝ ակնհայտ ուղղված լինելով տեղեկատվությունը թաքցնելուն, իսկ որոշ դեպքերում՝ դուրս են ողջամտության սահմաններից։ Ներկայացված վերլուծություններից բխող հետևությունները թողնում ենք պատկան մարմիններին, փորձագետներին և ընթերցողներին։

Եվ այսպես՝ խնդրել էինք երկու կառույցներից մեզ տրամադրել ՄԹ թիմի այցի պարտականությունների և իրավասությունների շրջանակները։ Ինչպես իրավացիորեն նկատել են Արժանապատիվ բուժաշխատողների միության մասնագետները՝ պարզվում է, որ առողջապահության նախարարությունը կա՛մ չունի, կա՛մ չի ուզում տրամադրել խմբի անդամներից յուրաքանչյուրի պարտականությունների և իրավասությունների շրջանակը, միաժամանակ հղում անելով ԱՀԿ-ին՝ որպես ՄԹ-ից ժամանած բժիշկների այցի հետ կապված կազմակերպչական հարցերով զբաղվող կազմակերպության։ «Ֆիքսենք, որ ԱՀԿ-ն առանց ԱՆ համապատասխան պահանջի և համաձայնության չի կարող նման այց կազմակերպել։ Այցի հետ կապված բոլոր փաստաթղթերը նույնպես համաձայնեցվում են ԱՆ հետ, հետևաբար վերջինս չի կարող չունենալ նրանց պարտականությունների և իրավասությունների շրջանակը։ Եթե իրականում չունի, ապա դա նշանակում է մեր երկրում փաստացի առողջապահական ոլորտի սուվերենության կորուստ»,- նշված է վերլուծության մեջ։

Մենք խնդրել էինք նաև տրամադրել ՄԹ թիմի բժիշկների մասին ինքնակենսագրական տեղեկություններ՝ հասկանալու համար նրանց պաշտոնները, մասնագիտացումը, աշխատանքային փորձը։ Սակայն մեզ պատասխանել են, որ նման տվյալներ չեն կարող տալ երրորդ անձին՝ առանց այդ բժիկների հետ համաձայնության և թույլտվության, անգամ նրանց անունները չեն տրամադրվել։ Մինչդեռ Արժանապատիվ բուժաշխատողների միության մասնագետների դիտարկմամբ՝ նման քողարկված միջազգային օգնության առաքելություն առողջապահության ոլորտում դժվար է մտաբերել։ Դժվար է պատկերացնել, որ աշխարհում կլինեն բուժաշխատողներ, որոնք դեմ կլինեն, որ իրենց անունները և տվյալները հրապարակվեն մի երկրում, որտեղ իրենք մեկ ամիս առաքելություն են իրականացրել և օգնություն են տրամադրել տեղական բուժանձնակազմին։

Մեզ տրամադրած պատասխանների համաձայն՝ Միացյալ Թագավորությունից ժամանած բուժաշխատողները անցկացրել են վերապատրաստումներ, որոնք կազմակերպվել են հընթացս՝ առանց հաստատված օրակարգերի։ Ավելին, դրանց մասնակցել են ցանկացողները, իսկ առողջապահության նախարարությունը մասնակիցների ցանկերի չի տնօրինում։ «Փաստորեն, ստացվում է, որ ոլորտի պետական կառավարման մարմինը չի տիրապետում տեղեկատվությանն այն մասին, թե երկրում ԱՀԿ-ի աջակցությամբ օտարերկրյա բուժաշխատողների մեկամսյա առաքելության ընթացքում ՀՀ-ում քանի բուժաշխատող է վերապատրաստվել։ Այն անհասկանալի պատկերը, թե ինչպես կարող էին նման վերապատրաստումներ կազմակերպվել հընթացս, առանց հաստատված օրակարգերի, մասնակիցների ցանկերի, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում՝ որպես վերապատրաստման դասընթաց գրանցելու և համապատասխան կրեդիտի տրման, պարզապես զավեշտի գագաթնակետն է»,- եզրահանգել են Արժանապատիվ բուժաշխատողների միության աշխատակիցները:

Ի դեպ, ԱՆ և ԱՀԿ հայաստանյան գրասենյակից տրված պատասխանները երբեմն հակասական են։ Հակառակ ԱՆ պնդման, թե վերապատրաստման դասընթացի օրակարգ չի եղել, ըստ ԱՀԿ-ի՝ օրակարգը ձևավորվել է քովիդին վերաբերող որոշակի թեմաների շուրջ, սակայն օրակարգը մեզ չի տրամադրվել:

Խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել նաև Միացյալ Թագավորությունից ժամանած բուժաշխատողների խմբի կողմից հիվանդանոցների աշխատանքի համակարգման վերաբերյալ, սակայն նախարարությունը որևէ տեղեկատվություն չի տրամադրել։ ՀՀ ԱՆ Քովիդ-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում առողջապահական ծառայությունները հզորացնելուն առնչվող խմբի անդամների կատարած առաջարկները ըստ մեզ տրամադրած պատասխանի՝ սահմանափակվում են մեկ նախադասությամբ․ «Բժշկական թիմը դրական է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունը առ այն, որ առանձնացված են քովիդով պացիենտների բուժմամբ զբաղվող հիվանդանոցները»։ Սակայն Արժանապատիվ բուժաշխատողների միության դիտարկմամբ՝ չկա տրամադրված որևէ գնահատական՝ զեկույցի տեսքով, ինչպես նաև առկա չեն առաքելության նախնական և կամ վերջնական հաշվետվությունները, ինչն ավելին քան տարօրինակ է, քանի որն նման միջազգային առաքելությունների ավարտին լինում են հաշվետվություններ, որտեղ ամփոփված են լինում առաջարկություններ Առողջապահության նախարարությանը։

Ըստ պատասխանների՝ ՄԹ թիմի առջև նպատակ չի դրվել ՀՀ առողջապահության նախարարությանը կատարել առաջարկություններ՝ ուղղված քովիդ-19 համավարակի և այլ հիվանդությունների դեմ առողջապահական ծառայությունների հզորացմանը: ՄԹ առաքելության առջև հաշվետվություններ ներկայացնելու պահանջ չի դրվել, ինչը Արժանապատիվ բուժաշխատողների միությունն առնվազն տարօրինակ է համարում նման առաքելությունների ժամանակ: Զավեշտալի է թվում այն պատասխանը, թե ՄԹ-ից ժամանած թիմը առաքելության բոլոր ծախսերը հոգացել է ինքնուրույն: Նման այցերը, սովորաբար, ունենում են հովանավորներ և այդպիսի պատասխանը ֆինանսական աղբյուրների քողարկման փորձ է միայն:

Պատրաստեց Թագուհի Ասլանյանը