Արցախի ԱԺ խմբակցություններ. Էրդողանի այցը Շուշի սադրիչ գործողություն է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ Թուրքիայի նախագահի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ։

Տարածած հայտարարության մեջ ասված է.

«Արդեն որերորդ օրն է՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները տարփողում են Թուրքիայի նախագահի՝ 2020թ. աշնանային պատերազմի արդյունքում գերեվարված հայկական Շուշի կատարելիք այցի մասին: «Համատարած խանդավառության» այս շքերթի ընթացքում նույն այդ երկրներում մոռանում են այն դերակատարության մասին, որ ունեցել է Թուրքիան և շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար:

Այս առթիվ հարկ ենք համարում հիշեցնել, որ.

– 1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն ոճրագորոծությունը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Եվ միայն հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ է հաջողվել կանխել հայասպան նոր ծրագրերը:

– 2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրենց համար բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ նենգորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, լայնածավալ պատերազմով կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:

– Ոտնահարելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով իր պատմական հայրենիքում, այդ թվում և Շուշիում ապրելու իրավունքից զրկվել են տասնյակ հազարավոր հայեր, և պղծվել  են ազգային-քրիստոնեական պատմա-մշակութային նշանակության հարյուրավոր կոթողներ:

Այսպիսի նախապատմության պարագայում Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն հայոց բերդաքաղաք Շուշի, ոչ այլ ինչ է, քան հերթական սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում տխրահռչակ «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների ցինիկ դրսևորում:

Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը սադրիչ գործողություն է տարածաշրջանում փխրուն կայունության հաստատման դեմ, որը հեռահար նպատակ ունի՝ կասկածի տակ դնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը:

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Հայաստանի Հանրապետությանը՝ խստորեն դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի են նոր վտանգներով:

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի խմբակցություններ՝
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»
«Միասնական Հայրենիք»
«Արդարություն»
«Հայ Հեղափոխական Դաշնակություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»։