Ղարաբաղում պարտության հանգեցնող գործընթացները ղեկավարվում էին դրսից. Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այն գործընթացները, որոնք երկիրը պարտության բերեցին ղարաբաղյան հակամարտությունում, հմտորեն ղեկավարվում էին դրսից: Այս մասին նա հայտարարել է Sputnik Արմենիային, RT-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ 2018 թվականին զանգվածային հարձակում էր սկսվել բանակի դեմ:

«Իսկ Հայաստանում բանակը միշտ համարվել է ամենահաջողված պետական ինստիտուտը, մարդիկ հպարտանում էին այս բանակով՝ որպես հաղթող բանակ, որպես մեր անվտանգության ողնաշար: Դա բնական է: Հարձակումը բանակի վրա, հարձակումը եկեղեցու վրա սկսվել էր անմիջապես: Եվ հարձակումը մեր հոգևոր արժեքների, մեր ինքնության վրա»,-հայտարարել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հայ ինքնընկալման համար ունի որոշ սրբազան բաներ: «Այստեղ այս ամենը շատ լուրջ կորոզիայի է ենթարկվել, բառացիորեն այս թիմի իշխանության գալու առաջին իսկ օրվանից: Ես կրկնում եմ. բանակը, եկեղեցին և մեր ազգային արժեքները: Արդյունքը պատերազմում պարտությունն է: Արդյոք այս ամենը փոխկապակցվա՞ծ է: Վստահ եմ, որ փոխկապակցված է»,-ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով` դա չի նշանակում, որ մարդիկ, որոնք նստած են Սորոսի գրասենյակում կամ նման կազմակերպություններում, հատուկ ծրագրել էին պարտությունը Ղարաբաղում:

«Բայց ես կարծում եմ, որ պարզապես այս գործընթացի հեռակառավարման վահանակը բոլորովին այլ տեղում է: Իսկ այստեղ «զինվորիկները» բավականին մեծ ոգևորությամբ կատարում էին յուրաքանչյուրն իր առաջադրանքը, գուցե չտեսնելով ընդհանուր պատկերը և ընդհանուր նպատակը: Սա շատ հմուտ կառավարում է, բայց ոչ տեղական: Աութսորսինգ է:  Քանի որ այդ ամենը շատ սինքրոն էր տեղի ունենում և մեզ համար չափազանց ծանր հետևանքների է հանգեցրել»,-հայտարարել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։