Գնալով ավելի պատկերավոր ձևով են ժողովրդին ցույց տալիս, թե ինչ կանեն, եթե ստանան իշխանություն․ Անի Սամսոնյան

Անվտանգություն, տնտեսություն, մարզերում՝ գյուղատնտեսություն։ Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնց մասին խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուների հետ հանդիպմանը։

Կուսակցության  ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց, որ մարդիկ բողոքում են՝ գյուղատնտեսության նախարարություն չկա։

«Բնականաբար, մարդիկ  բողոքում են վարկային բեռից, ոռոգման, բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիր կա»,-  նշեց նա։

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորիգիսյանն էլ ասաց․ «Մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել համակարգ,  որը գյուղացուն տալու է ամեն ինչ, իսկ գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն էլ իրականացնելու է այդ համակարգը։ Գյուղացուն զերծ ենք պահելու բոլոր հնարավոր ռիսկերից»,- նշեց նա։

Անի Սամսոնյանը նշեց, որ սկսել են քարոզչության մեջ կիրառել գործիքներ, որոնք մարդկանց մոտ ասոցացվում են որպես խփելու, ծեծելու, ջարդելու գործիք։

«Խոսքը  չագուչի մասին է։ Վաղը միգուցե կտեսնենք, որ կացինով դուրս կգան քարոզչական բեմահարթակներ ու կացինով կփորձեն ժողովրդին բան բացատրել։ Սա անթույլատրելի է։ Մենք որքան հնարավոր է՝ ջանք ենք գործադրում, որ մեղմենք մարդկանց ագրեսիվությունը, մարդկանց բերել հաշտության, բայց գնալով ավելի պատկերավոր ձևով են ժողովրդին ցույց տալիս, թե ինչ կանեն, եթե ստանան իշխանություն։ Սա վտանգավոր է»,- ասաց նա։