ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Վրաստանին` Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության համար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության համար։ Այս մասին հայտարարել է Հելգա Մարիա Շմիդը՝ իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո, գրում է վրացական Առաջին ալիքը։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ նպատակն իրագործվել է բազմաթիվ դերակատարների արդյունավետ համագործակցության միջոցով:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հարևանների, Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունը վերականգնելու հարցում ցուցաբերած միջնորդության համար: Սա տարբեր դերակատարների, այդ թվում՝ ԵՄ-ի և Շվեդիայի, ԵԱՀԿ-ի գլխավորությամբ արտակարգ համագործակցության օրինակ էր: Մենք խոսեցինք Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մասին, որտեղ ԵԱՀԿ-ն կլինի ակտիվ ներգրավված»,- ասել է նա:

Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ակտիվ միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների: