Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար. Ռոբերտ Քոչարյան

«Երեկ Արարատի մարզում մի խայտառակության, պարտության ուրվական էր շրջում, նաև  ձեր քաղաքի կենտրոնում մուրճը ձեռքին կապիկություններ էր անում»,-Մասիսում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հայտարարելով, որ չի զարմանում Նիկոլ Փաշինյանի վարքի վրա՝ ՀՅԴ ներկայացուցիչը շեշտեց. «Զարմանում ենք, որ Նարեկացի, Դրո ծնած, Վարդան, Դուշման ու Թաթուլ ունեցած ազգը ղեկավարում է մի ծաղրածու, խեղկատակ, որը երկիրը հասցրել է անդունդի եզրին և շարունակում է Քաջ Նազարի արշավը և մատ է թափահարում համայնքապետերի և քաղաքացիների դեմքին»:

«Հայաստան» դաշինքի անդամը, շեշտելով որ առաջիկա ընտրությունները սովորական չեն, այլ բախտորոշ են հայ ժողովրդի համար, հավելեց, որ ժողովուրդը գիտի, թե հունիսի 20-ին ում է ընտրելու և ում ձեռքից մուրճը վերցնելու և ուր է մտցնելու:

«Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար»,-Իշխան Սաղաթելյանի խոսքն ուղղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ներկայացրեց իր ղեկավարած դաշինքի նպատակադրությունները և աշխատելու մարտավարությունը: