«Պատիվ ունեմ» դաշինքն ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար․ Տ. Մարգարյան․ Tert.am

Ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն: Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը:

-Պարոն Մարգարյան, անցած երեք տարիների ընթացքում մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, թե լքել եք Հայաստանն ու ընտանիքով բնակություն եք հաստատել ՌԴ մայրաքաղաքում:

-Վերջին 3 տարիների ընթացքում իմ անվան շուրջ հյուսված ապատեղեկատվության պակաս հաստատ չի եղել, որոնցից մեկն էլ Ձեր նշածն էր, որն անմիջապես էլ հերքվել է մեր կողմից։ Պետք է նաև նշեմ, որ վերոնշյալ ժամանակահատվածում, վերապատրաստվելու և մասնագիտական հմտություններս կատարելագործելու նպատակով ընդունվել եմ ՌԴ Նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Տնտեսագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային տնտեսագիտության հեռակա բաժինը՝ «Տնտեսագիտություն և իրավագիտություն» մագիստրոսական ծրագրով ուսանելու, ինչով պայմանավորված էլ պարբերաբար մեկնել եմ Մոսկվա։ Գուցե հենց այդ հաճախակի մեկնումներս ու որոշ ժամանակով Երևանից բացակայությունս է ոմանց ստիպել մտածել, թե հեռացել եմ Հայաստանից։

Այնուամենայնիվ, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս կվերահաստատեմ բազմիցս հնչեցրած խոսքերս, որ թե՛ ես և թե՛ իմ ընտանիքը մշտապես ապրել, ապրում ու ապրելու՛ ենք մեր սիրելի Երևանում, որն ինձ համար աշխարհի ամենաջերմ ու բարի քաղաքն է և շարունակելու՛ ենք արարել ու շենացնել մեր երկիրն ու հարազատ քաղաքը։

-«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը պայքարում էր Ձեր դեմ՝ որպես նախկին, իսկ հիմա իր հետ գնում եք մի դաշինքով կամ միասին մի ցուցակում եք, դա Ձեզ չի՞ կաշկանդում:

-Նախ ֆիկսենք, որ պարոն Վանեցյանն օրեր առաջ ուղիղ պատասխանել է այդ հարցին՝ հստակ նշելով, որ ԱԱԾ-ն երբևէ չի՛ հարուցել կամ քննել իմ անձին վերաբերող որևէ գործ։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանի ներկայիս վայ-իշխանությունները, ավելի ճիշտ, իշխանազավթները, քրեաիրավական որոշ գործեր առավել հնչեղ դարձնելու նպատակով, դրանց ներկայացման շրջանակում միտումնավոր և մանիպուլյատիվ կերպով պարբերաբար շրջանառել են իմ անունը՝ ցանկանալով արատավորել բարի համբավս և տպավորություն ստեղծել, թե իրենց իսկ կողմից շատ հաճախ ուռճացված այդ գործերին առնչություն եմ ունեցել նաև ես։ Մի խոսքով, պարոն Վանեցյանի սպառիչ պատասխանին ավելացնելու բան չունեմ, ըստ այդմ՝ նաև չկա որևէ կաշկանդվածություն, որպեսզի համատեղ ուժերով փորձենք իշխանության ղեկից դուրս շպրտել Հայաստանն անխուսափելի կործանման տանող իշխանազավթների այդ խունտային։

-Պարոն Մարգարյան, Ձեր դաշինքն արդյո՞ք կստանա այնքան քվե, որ կարողանաք ներկայացված լինել Ազգային ժողովում:

-Մեր առաջնային նպատակը, ինչպես արդեն նշեցի, նախ և առաջ իշխանազավթների այդ խունտային դուրս շպրտելն է լինելու։ Եվ բնական է, որ մեզ պարտադրված այս ընտրություններում մենք հավակնում ենք ԱԺ-ում ունենալ որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն, ինչը կլինի այդ նպատակի իրագործման կարևոր բաղկացուցիչը։ Եվ, այո՛, ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն։ Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։ Մենք ունենք հաստատակամություն, բավական փորձ ու գիտելիք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար և, չեմ կասկածում, որ այդ ամենը կգնահատվի նաև մեր բազում համաքաղաքացիների կողմից:

-Պարոն Մարգարյան, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ հայ հասարակությունն այսօր էլ դեռ շարունակում է մնալ սև-սպիտակի բաժանված ու պառակտված։ Ըստ այդմ՝ հետաքրքիր է իմանալ, թե այս ընտրություններում, ըստ Ձեզ, կհաղթեն սևե՞րը, թե՞ սպիտակները:

-Նախ պետք է խնդրեմ ու հորդորեմ, որ անխտիր բոլորս և, առաջին հերթին զանգվածային լրատվության միջոցները՝ որպես հանրության մտածելակերպի վրա գործուն ազդեցություն թողնող մեխանիզմ, մեր բառապաշարից մեկընդմիշտ վերացնենք այդ արատավոր ձևակերպումն ու այլևս երբեք թույլ չտանք դրա շրջանառումը։ Այդ կեղծ ու կործանարար բաժանումը, որով իշխանազավթների այս խունտան թշնամանք մտցրեց հայ օջախներ, անգամ հարազատ եղբայրներին հանեց իրար դեմ ու սեպ խրեց ընկերների և բարեկամների միջև, մեր երկիրը հասցրել է կործանման եզրին։ Մենք իրավունք չունենք անգամ վարկյան ավել հանդուրժել այս իրավիճակն ու ամեն ինչ անելու ենք, որ իշխանազավթների այս խունտայի հետ մեկտեղ մեր իրականությունից դուրս շպրտենք արատավոր այդ բաժանումը ևս։ Կա՛մ մենք միասնաբար կվերադարձնենք մեր ժողովրդին համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտն ու կտոնենք չարի և չարության հանդեպ մեր հաղթանակը, կա՛մ կպարտվենք բոլորս միասին։ Այլ տարբերակ ուղղակի չկա։

-Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելում և շրջում եք Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ տպավորություններ ունեք բնակչության հետ շփումներից և, ընդհանրապես, ինչպիսի՞նն է երևանցիների վերաբերմունքը անձամբ Ձեր՝ իրենց նախկին քաղաքապետի նկատմամբ:

-Նախ ասեմ, որ անցած երեք տարում ես չեմ էլ դադարել շփվել մեր համաքաղաքացիների հետ, իհարկե՝ ոչ այսքան ինտենսիվ, բայցև ոչ էլ այնքան հազվադեպ, որ մարդիկ մոռանային ինձ։ Ինչ վերաբերում է իմ տպավորություններին և մեր համաքաղաքացիների վերաբերմունքին, ապա երկու դեպքում էլ գերակշռում է դրականը։

Անշուշտ, չեմ թաքցնի, որ իսկապես հաճելի տեսնել ու արձանագրել, որ մարդիկ ոչ միայն չեն մոռացել մեր կատարած աշխատանքները, այլև մեծ սիրով ու երախտագիտությամբ են հիշում այդ ամենը։ Ես էլ, իմ հերթին, ինչպես քաղաքապետ եղած ժամանակ, իմ երախտագիտությունն եմ կրկին փոխանցում իրենց, քանզի մեր բոլոր հաջողությունների գրավականը եղել է մեր համաքաղաքացիների հետ համատեղ ու միասնաբար աշխատելու արդյունքը, ինչով հպարտացել ենք բոլորս։ Իհարկե, թեև հազվադեպ, բայցև հանդիպում են նաև մարդիկ, ովքեր, եթե չասեմ թշնամաբար, ապա բացասական վերաբերմունք են դրսևորում, բայց դա, հաշվի առնելով նախորդ երեք տարիներին հնարավոր բոլոր ձևերով ու եղանակներով մեր թիմի, այդ թվում նաև իմ անձի հանդեպ այս կապիտուլյանտ իշխանազավթների գեներացրած ատելությունը, ինչ-որ առումով նաև հասկանալի է։ Բայց շատ ուրախալի է արձանագրել, որ գիտակից, սթափ, բանական և մտածող մարդիկ անհամեմատ ավելի շատ են։ Եվ այս մարդկանց սպասելիքներն առավել քան մոտիվացնող ու պարտավորեցնող են, որպեսզի անենք առավելագույնը՝ նրանց հուսախաբ չանելու և իրենց անվտանգ ու ապահով առօրյան վերադարձնելու համար։   

-Պարոն Մարգարյան, պատրաստվո՞ւ մ եք վերցնել ԱԺ պատգամավորի մանդատը, թե՞ ցանկություն ունեք նորից վերադառնալ Երևանի քաղաքապետի պաշտոնին:

-Ստիպված եմ նորից կրկնել, որ այսօր մեր առաջնահերթ և հիմնական նպատակը մեկն է․ վարկյան առաջ իշխանազավթների այս խունտային դուրս շպրտել երկրի կառավարման ղեկից և փրկել Հայաստանն անխուսափելի կործանումից։ Մնացած ամեն ինչ, այդ թվում՝ մանդատներն ու պաշտոններն այս իրավիճակում ուղղակի տասներորդական նշանակություն ունեն, քանզի երկիր ու պետականություն է պետք ունենալ, որ այդ մանդատներն ու պաշտոնները արժեք և նշանակություն ունենան։ Դրա համար մեր կռիվը հիմա հանուն հայրենիքի փրկության է, այլ ոչ մանդատի կամ այս ու այն պաշտոնի։ 

-Հետևո՞ւմ եք Երևանի քաղաքապետարանի գործունեությանը և, եթե այո, ապա ի՞նչ գնահատական կտաք:

-Հետևում եմ, սակայն կոռեկտ չեմ համարում գնահատական տալ։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ ինչպես և միշտ է եղել, այսօր էլ երևանցիներն ամեն ինչ տեսնում ու գնահատում են, և հենց իրենց գնահատականն է ամենակարևորը: