Արցախում խաղաղապահների զինավարժությունների ժամանակ լուծվել են սադրիչ գործողությունները կանխելու, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում, ինչպես նաև ապահովում են Բերձորի միջանցքով տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել ՌԴ ՊՆ–ը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պլանային մարտական պատրաստության դասեր էին անցկացրել: Դիտակետի անվտանգությունն ապահովելու զինավարժությունների ընթացքում խաղաղապահները մշակել են հերթապահ ստորաբաժանումների և մեկ մարտական հաշվարկի ներգրավմամբ սադրիչ գործողությունները կանխելու, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները:

Ազդանշանն ստանալուց հետո խաղաղապահները հնարավորինս սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր են գրավել նախապես կահավորված դիրքերում: Դիտակետի պաշտպանությունն ուժեղացնելու համար ներգրավված էին BTR-82A զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները:

«Դասընթացի պլանի համաձայն՝ BTR-82A- ից մեկը շարքից դուրս է եկել և հրդեհվել: Հրդեհը մարելու համար անհապաղ ժամանել է մեկ մարտական հաշվարկ:

Իր հերթին, խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մշակել են առաջին բուժօգնության տրամադրման և պայմանական վիրավորում ստացած զինծառայողի տարհանման սցենարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, չեն արձանագրվել նաև սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումն իրականացնելու համար: