Բաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն այցելել է Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք, ինչի մասին պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում:

Ինչպես գրում է minval.az-ը, նա նշել է, որ Շուշի է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ընդառաջ:

«Այսօր մենք շնչում ենք ազատ Ղարաբաղի օդը: Մենք հաստատում ենք, որ Շուշան (Շուշի) Ղարաբաղի սիրտն է ու Ադրբեջանի դափնեպսակը»,-գրել է դեսպանը` կից Շուշիում արված լուսանկարներ հրապարակելով:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք «ազատագրված» (չակերտները` խմբ.) քաղաքներից մեկը՝ Շուշա (Շուշի- խմբ․), որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել էր Էրդողանը:

Հիշեցնենք՝ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը:

Այցի շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հունիսի 16-ին ներկա կգտնվեն «Եվրո-2020»-ի առաջնությունում Թուրքիայի և Ուելսի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը։